«Վլադիմիր Գասպարյանը դիմել է Արա Զոհրաբյանին». Աշոտ Ահարոնյան
ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ում գրել է.
«Այսօր, հունիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ կիրառելու համարժեք կարգապահական ներգործության միջոց:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահ մարմնի հասցեին արել էր անհարգալից արտահայտություններ:
Ոստիկանությունը գտնում է, որ փաստաբանը խախտել է փաստաբանների վարքագծի կանոնակարգի 2.2.3 կետի պահանջը, համաձայն որի մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը»: