Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն վրդովված է Էրդողանի մասին գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունների առնչությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Խնդրի մասին խոսել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն՝ մասնավորապես անդրադառնալով ԵԽ նախկին նախագահ, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցի վերջին հայտարարություններին: «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ Գերմանիայում որոշ քաղաքական գործիչներ իրենց հայտարարություններում հիմնվում են ներքին քաղաքական հաշիվների վրա և անընդունելի մեկնաբանություններ են անում:

Մասնավորապես Եվրախորհրդարանում նախագահած անձի՝ հավաքի և խոսքի ազատությունը սահմանափակող մոտեցումները ևս մեկ անգամ ի ցույց են տալիս մյուսներին դասեր տալ փորձողների երկակի չափանիշները ու այն մտածելակերպի իրական դեպքը, որի հետ դեմ հանդիպման ենք»,- ասել է Մյուֆթուօղլուն: Նա մտահոգիչ է անվանել նաև այն հանգամանքը, որ G-20 գագաթնաժողովի շրջանակում Համբուրգ մեկնել պատրաստվող Էրդողանից Գերմանիայում բնակվող թուրքերի հետ հանդիպում թույլ տալու համար պաշտոնական դիմում են պահանջել:

Մարտին Շուլցը նախօրեին դիմել էր Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին: Նա նշել էր, որ Թուրքիայում հազարավոր ընդդիմադիրների, մեծ թվով լրագրողների բանտարկելն իսկական սկանդալ է:

Դիմելով Էրդողանին՝ Շուլցը կոչ էր արել վերադառնալ ժողովրդավարությանը: «Էրդողանն այն ազատությունը, որն իր երկրում հրաժարվում է տալ ժողովրդին, այստեղ է պահանջում»,- նշել է Գերմանիայի կանցլերի թեկնածուն:

Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա այցելել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է տեղի իշխանություններին միջոցառում կազմակերպելու և այդտեղ ելույթ ունենալու հարցով:Այս մասին հայտնել էր Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ նշելով, սակայն, որ թուրք-գերմանական լարված հարաբերությունների պարագայում այդ հանդիպումը նպատակահարմար չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս