ՌԴ-ն Թուրքիայի հետ համաձայնեցրել է C-400-ի մատակարարման պարտավորագիրը
Համաձայնեցվել է Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը: Այդ մասին հունիսի 29-ին Միջազգային ռազմածովային սալոնի ընթացքում հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Պարտավորագիրը համաձայնեցված է, վարկի հարցն առայժմ լուծված չէ»,-ասել է նա:
«Ալմազ-Անթեյ կոնցեռն» բաժնետիրական ընկերության մշակման եւ արտադրության հեռահար գործողության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական եւ մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների եւ օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար ռադիոէլեկտրոնային եւ հակազդման այլ տեսակների պայմաններում:
Համակարգը կարող է աերոդինամիկական թիրախներ խոցել մինչեւ 400 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաեւ մինչեւ 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք վայրկյանում մինչեւ 4,8 կիլոմետր արագությամբ թռչում են մի քանի մետրից մինչեւ մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա: