Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը կրկին տուգանել է Ադրբեջանի կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռ է կայացրել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դիմումատուների փաստաբան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` վճիռները կայացվել են արդար դատաքննության սկզբունքի և խաղաղ հավաքների ազատության իրավունքը խախտելու հատկանիշներով:

Վճիռների արդյունքում ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 22 հազար 461 դոլարի չափով:

Այս գումարը փոխհատուցվելու է Ադրբեջանի կառավարության անօրինություններից տուժած 3 հայցվորներին` Նարգիզ Յախուբլուին, Րամին Հաջըլըին և Ագիլ Ալիևին:

Ապրիլի 13-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 23 վճիռ, որոնց հիման վրա Ադրբեջանի կառավարությունը տուգանվել է 271 հազար եվրոյի չափով: ՄԻԵԴ ներկայացված 23 բողոքները հիմնականում վերաբերում էին ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:

Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: 2016-ին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015-ին`268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս