Արման Թաթոյանը՝ փաստաբաններին խուզարկության ենթարկելու մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քննարկում է փաստաբանների դժգոհություները՝ իրենց խուզարկության պահանջ ներկայացնելու վերաբերյալ։

«Աշխատանքներ են տարվում, այդ առումով պարզաբանումներ պահանջվել են դատական դեպարտամենտից, ինչն օրենքով պարտավոր ենք անել՝ կապված «զննություն», «խուզարկություն» հասկացությունների հետ։ Մի բան հստակ է՝ անձական խուզարկության ենթարկել փաստաբանին անմիջականորեն պարտականությունները կատարելիս՝ անթույլատրելի է։ Ամբողջ խնդիրն է, փաստաբանները նույնպես նշում են՝ որն է զննության, խուզարկության տարբերակումը։ Ինձ համար խորքային խնդիրն այն է, որ այս պրակտիկայի արդյունքում, որն անպայման պետք է պարզվի, ի վերջո, խախտվում են վստահորդների իրավունքները՝ անձը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից, դատական նիստերը հետաձգվում են, անձն ավելի շատ է կալանքի տակ մնում»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ քննարկման ընթացակարգի արդյունքում գնահատականներ կտան, և այդպես էլ ուղիղ չպատասխանեց հարցին՝ արդյոք փաստաբանների պայուսակները բացելու պահանջը խուզարկության պահա՞նջ է, թե՞ ոչ։

«Ես մարդու իրավունքների պաշտպանն եմ ի պաշտոնե և պարտավոր եմ օրենքով աշխատել։ Օրենքը պահանջում է քննարկման ընթացակարգի արդյունքում գնահատական տալ։ Ես չեմ կարող հիմա խախտել օրենքի պահանջը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս