Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ու ժամանակ սահմանեց

Գործադիրի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ: Նա նշեց, որ 2016թ. իրենց կողմից նախաձեռնվել են տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր, Երևան քաղաքում արդեն իսկ ներդրվել է այդ համակարգը, օգոստոս ամսից այն հասանելի կլինի նաև Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում:

«Ելնելով մեր կողմից որդեգրված թվային օրակարգի հրամայականից, միաժամանակ նշված համակարգերի ինտեգրման և դրա միջոցով տնտեսական արդյունավետության խթանման հնարավորություններից՝ հանձնարարում եմ հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին՝ երեքշաբաթյա ժամկետում առաջինը՝ ուսումնասիրել և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել առկա թվային, քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն, երկրատեղեկատվական համակարգերի բնագավառում իրականացված աշխատանքների նկարագիր՝ դրանք Կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալին ինտեգրելու նպատակով:

Երկրորդը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ապահովել առաջին կետով սահմանված տեղեկատվության՝ տեղական ինքնակառավարման մարմիններից հավաքագրումը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին՝ մեկամսյա ժամկետում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների հանութագրման նյութերը, իսկ դրանց բացակայության դեպքում ներկայացնել հանութագրման աշխատանքների կազմակերպման հստակ ժամանակացույց:

Երրորդը՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ առաջին և երկրորդ կետով ներկայացված տվյալները ստանալուն պես տասնօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ համապատասխան նյութերը Կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալ ներբեռնելու վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս