
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորն այցելել է պատրիարքական տեղապահ Բեքչյանին

Թուրքիայի մեջլիսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում այցելել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Այս մասին Դողանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Տեղապահի պաշտոնը ստանձնած Սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին շնորհավորեցի՝ այցելելով նրան: Քննարկումներ ունեցանք օրակարգային զարգացումների շուրջ: Ցանկանում եմ, որ պատրիարքի ընտրությունը մեր երկրի ու համայնքի համար բարի լինի»,- նշել է Դողանը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:
Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին: