Բաժիններ՝

Իսրայելի իշխանությունները որոշել են վաղաժամկետ ազատել նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին

Իսրայելի բանտերի վարչության պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը բավարարել է երկրի 71-ամյա նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի խնդրագիրը, որը 16,5 ամիս բանտում է անցկացրել 27-ամսյա պատժաժամկետից, որին նա դատապարտվել էր կոռուպցիայի համար: Այդ մասին հայտնել է «Հաարեց» թերթը՝ նշելով, որ կառավարության նախկին ղեկավարն արդեն հուլիսի 2-ին կարող է ազատ արձակվել «Մաասիյագու» բանտից, որտեղ նա գտնվում է 2016 թվականի փետրվարի 15-ից:

Հրեական պետության 12-րդ վարչապետ Էհուդ Օլմերտը դարձել է Իսրայելի պատմության մեջ կառավարության առաջին նախկին ղեկավարը, որը հայտնվել է ճաղերի հետեւում: Օլմերտի դեմ կոռուպցիայի գործերն առաջին անգամ բացվել են 2007 թվականին՝ այն բանից մեկ տարի անց, երբ նա գլխավորեց կառավարությունը: Օլմերտը հրաժարական տվեց 2008 թվականի սեպտեմբերին, բայց կաբինետի ղեկավարի պարտականությունները կատարում էր մինչեւ 2009 թվականի մարտը:

Օլմերտի 27-ամսյա պատժաժամկետը ներառում է մեկուկես տարի՝ կաշառակերության համար, ութ ամիս՝ վստահության չարաշահման եւ խարդախության համար, ինչպես նաեւ մեկ ամիս՝ արդարադատությանը խոչընդոտելու համար:

«Հաարեց»-ի տեղեկատվության համաձայն, Օլմերտի վաղաժամկետ ազատմանը դեմ է դատախազությունը, որը կարող է գանգատարկել պայմանական-վաղաժամկետ ազատման որոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս