«Հայ համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրը հայապահպանության հարցն է». դեսպան Վիկտորիա Բաղդասարյան
Իտալիան Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից է, որն արտացոլվում է երկկողմ առևտրաշրջանառության կայուն աճի ցուցանիշներում: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նա անդրադարձել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների ներկա փուլին, համատեղ ծրագրերին և հայ համայնքի խնդիրներին:
–Տիկին դեսպան, այս տարի լրանում է Հայաստան–Իտալիա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ–իտալական դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում:
-Հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն և խորն արմատներ: Դրանք ձևավորվել և զարգացել են դարերի ընթացքում` հիմնվելով մեր ընդհանուր արժեհամակարգի վրա: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիների ընթացքում, հայ-իտալական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, նշանավորվել մի շարք ձեռքբերումներով: Սերտ է համագործակցությունը երկկողմ ձևաչափում, ներառյալ՝պաշտպանության, խորհրդարանական դիվանագիտության, մշակույթի, առևտրատնտեսական, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում:
Նկատելի ընդլայնվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների շփումներն ու համագործակցության ասպարեզները, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելությունում: Իտալիայի հետ սերտ համագործակցությամբ 2014թ. նոյեմբերից հայկական դասակն իտալական զորախմբի կազմում իր խաղաղապահ գործունեությունն է կատարում Լիբանանում տեղակայված UNIFIL առաքելությունում:
Հայ-իտալական հարաբերություններում կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտության դերը: Իտալիայի վերին ու ստորին պալատներում ձևավորված է 112 պատգամավորից կազմված միջխորհրդարանական բարեկամության խումբը: Առաջիկայում կձևավորվի նաև ՀՀ նորընտիր Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը:
Մայիսի 16-ին Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի և ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով Իտալիայի Հանրապետության Սենատում կազմակերպվեց Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համաժողով, որը կրում էր «Հայաստան 25 տարի. Մարտահրավերներ և հեռանկարներ» խորագիրը:
Համաժողովին ներկա էին Իտալիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Երկու երկրներն ակտիվ համագործակցում են մշակույթի ոլորտում: Նախորդ տարի՝ նոյեմբերին, պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար, ներկայիս վարչապետ Պաոլո Ջենտիլոնին: Այցի շրջանակներում համատեղ հայտարարություն ստորագրվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին: Հույս ունենք, որ շուտով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:
Երկու երկրներն ակտիվ համագործակցում են նաև բազմակողմ ձևաչափում՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
–Իտալիան Հայաստանի համար շարունակում է մնալ կարևոր գործընկերներից մեկը, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
-Ինչպես նշեցիք, Իտալիան Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից է, որն արտացոլվում է երկկողմ առևտրաշրջանառության կայուն աճի ցուցանիշներում: Այս ոլորտում շատ կարևոր քայլ կարելի է համարել ս.թ.հունիսի 7-ին Հռոմում տեղի ունեցած հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը: Նիստը բացեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն:
Միջկառավարական հանձնաժողովի ընթացքում երկուստեք մատնանշվեցին այն ոլորտները, որտեղ առկա են համագործակցության առավել մեծ ներուժ և հնարավորություններ:
Միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդեց հայ-իտալական գործարար համաժողովը, որին մասնակցում էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 180 կազմակերպություններ։
Ինչպես գիտեք, վերջերս Երևանում նախաստորագրվեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել այս տարվա նոյեմբերին: Այս համաձայնագիրը մեծապես կնպաստի ԵՄ-ի, այդ թվում նաև Իտալիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Այս ամենն, անշուշտ, նոր հեռանկարներ են բացում հայ-իտալական տնտեսական փոխգործակցության համար, խթանում գործընկերությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկան, ծառայությունները, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունն ու սննդի վերամշակումը, խրախուսում ապակենտրոնացված համագործակցությունը, հնարավորություններ ստեղծում կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման համար:
–Ձեր ունեցած վերջին տվյալներով որքա՞ն է առևտրաշրջանառության ծավալը և արդյոք գոհացուցի՞չ են առկա թվերը:
-Հարկ է նշել, որ Իտալիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի երրորդ առևտրական գործընկերն է: Այնուամենայնիվ, առևտրաշրջանառության մակարդակն աճի մեծ ներուժ ունի և այդ իմաստով, այստեղ մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ցանկալի արդյունքներ ապահովելուհամար:
Եթե խոսենք առևտրաշրջանառության հստակ ծավալներից, ապա այն 2016թ. կազմել է 160 654.5 հազար ԱՄՆ դոլար, որից արտահանում՝ 31 882.2 հազար, իսկ ներմուծում՝ 128 772.3 հազար ԱՄՆ դոլար: 2017թ. առաջին 4 ամսվա տվյալներով արտահանումը կազմել է 8 239.2 հազար, իսկ ներմուծումը՝ 39 318.3 հազար ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, համապատասխանաբար, 6 760.2 հազար և 35 196.8 հազար ԱՄՆ դոլարի դիմաց՝ գրանցելով առաջընթաց:
Հուսով ենք, որ աճի տեմպերը կշարունակվեն նաև հաջորդ ամիսների ընթացքում:
–Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների ներդրումային հնարավորությունները, արդյո՞ք նախանշված ծրագրեր կան:
-Վերջին տարիներին Հայաստանի կառավարության ջանքերով նշանակալից բարեփոխումներ են իրականացվել գործարար միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրումների առավել բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով, որը հանգեցրել է միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Համաշխարհային բանկի «Doing business 2017թ.» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանը 9-րդն է բիզնես սկսելու պարզության ցուցանիշով: Եթե նայենք «Հերիթիջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքսը 2017թ.» զեկույցին, ապա ներկայումս Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ տեղը:
Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրեր 41 երկրների, այդ թվում նաև Իտալիայի հետ:
Հայաստանն ընդունել է նոր հարկային օրենսգիրք, պարզեցրել վարչարարական ընթացակարգերը՝առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարարների և ներդրողների համար:
Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Հայաստանի միջոցով իտալացի ներդրողը կարող է առանց մաքսատուրքի ուղղակի մուտք ունենալ ԵԱՏՄ մոտ 180 միլիոնանոց շուկա: Հայաստանն օգտվում է նաև ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից:
Այս ցուցանիշներն, անշուշտ, բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը և վստահություններ շնչում պոտենցիալ ներդրողին՝գալ և ներդրումներ կատարել Հայաստանում:
–Հայաստանի եւ Իտալիայի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի՞նչ հնարավորություններ կան: Հայաստանում ի՞նչը կարող է գրավել իտալացի զբոսաշրջիկներին և հակառակը, հայ զբոսաշրջիկներին` Իտալիայում:
-Հայաստանը և Իտալիան հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրներ են: Վերջին շրջանում նկատելի ավելացել է Իտալիայից Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքը: Դրան նպաստել է, իհարկե, Հայաստանի կողմից ԵՄ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից ազատումը: 2016թ. այդ ցուցանիշը հասավ մոտ 10.000-ի: Իսկ արդեն 2017թ. առաջին 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30%-ով աճ է արձանագրվել:
Իտալացի զբոսաշրջիկին Հայաստանը հետաքրքիր է իր հինավուրց պատմությամբ, համեղ խոհանոցով, հյուրընկալությամբ : Հայաստանը կարող է դառնալ ուխտագնացության կենտրոն որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին պետություն: Իտալացիներին կհետաքրքրի նաև Հայաստանում զարգացման փուլում գտնվող էկոտուրիզմը, լեռնային տուրիզմը, ագրոտուրիզմը, առողջարանային տուրիզմը, էքստրեմալ տուրիզմը:
Բոլորովին վերջերս լույս տեսավ իտալացի հրատարակիչ Մաուրո Մորելլինիի «Հայաստան և Լեռնային Ղարաբաղ» վերնագրով զբոսաշրջային ուղեցույցը, որն իր հերթին կնպաստի Իտալիայից զբոսաշրջային ներհոսքի ավելացմանը:
Հայ զբոսաշրջիկներին Իտալիան գրավում է ինչպես իր պատմամշակութային վայրերով, այնպես էլ ծովափնյա հանգստի կազմակերպման լավագույն պայմաններով: Զբոսաշրջիկների թվով Իտալիան աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: Այս առումով Իտալիան բավական մեծ փորձ է կուտակել, որը կարելի է ներդնել նաև Հայաստանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար:
–Անդրադառնանք Իտալիայի հայ համայնքին, երկրի հասարակական–քաղաքական կյանքում նրա ունեցած դերին: Որքա՞ն է կազմում Իտալիայում հայերի թիվը, որ ոլորտներում են նրանք հիմնականում ներկայացված:
-Իտալիայում հայերի ներկայության մասին հավաստի տեղեկություններ մեզ հասել են դեռևս VI-VII դարերից: Բազմաթիվ պատմական վկայություններ կան VII դարում իտալական տարբեր քաղաքներում հաստատված (Ռավեննա, Վենետիկ, Ֆլորենցիա, Նեապոլ, Հռոմ) հայ առևտրականների և վանականների մասին:
Այսօր Իտալիայում բնակվում է մոտ 5000 հայ, հիմնականում Միլանում, Հռոմում, Վենետիկում, Ջենովայում, Բոլոնիայում, Թուրինում:
Հայերն ակտիվ ներգրավվածություն ունեն Իտալիայի հասարակական-մշակութային կյանքում: Մեծ ճանաչում ունի հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական Անտոնիա Արսլանը, ում «Արտույտների ագարակը» վեպը թարգմանվել է 20 լեզվով և վաճառվել միլիոնավոր օրինակներով: Իտալիայում է հիմնվել«Serapian» ապրանքանիշը, որը զբաղվում է կաշվե իրերի արտադրությամբ: Ապրանքանիշի սեփականատերն է ծագումով հայ Արտավազդ Սերափիանը: Ունենք ակադեմիական շրջանակներում մեծ ճանաչում ունեցող հայրենակիցներ: Լաուրա Միրաքյանը և Էլիզաբետա Քելեշյանը եղել են տարբեր երկրներում Իտալիայի դեսպաններ: Այս ցանկն, իհարկե կարելի է երկար շարունակել:
–Ըստ ձեզ, որո՞նք են համայնքին հուզող հիմնական հարցերը:
-Ինչպես հայ համայնք ունեցող բազմաթիվ այլ երկրներում, այնպես էլ Իտալիայում, հայ համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրը հայապահպանության հարցն է : Այդ գործում իրենց մեծ ներդրումն ունեն Իտալիայում գործող մի շարք համայնքային կառույցներ: Ամենաակտիվ համայնքային կառույցներից կառանձնացնեի Միլանում հիմնադրված Իտալիայի Հայոց Միությունը և Հայ Տունը, Հռոմի հայ համայնքի խորհուրդը, Հռոմի և Լացիո մարզի հայ համայնքի ընկերակցությունը,Պո-Արաքս մշակութային ընկերակցությունը: Բարի քաղաքում գործում է Հրանտ Նազարյանցի հետազոտությունների կենտրոնը: Հայկական համայնքային կառույցներ գործում են նաև այլ իտալական քաղաքներում:
–Արդյո՞ք բարձրաստիճան փոխայցեր այս տարի ծրագրված են:
-Ինչպես նշեցի, հունիսի 7-ին հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հռոմ էր ժամանել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև երկկողմ հանդիպում իր իտալացի գործընկերոջ՝ Անջելինո Ալֆանոյի հետ: Նախորդ տարի՝ նոյեմբերին, պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար, ներկայիս վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:
Իհարկե, առաջիկայում նույնպես կլինեն բարձր մակարդակով փոխայցելություններ, որոնք սակայն քննարկման փուլում են, և դեռևս վաղ է դրանց մասին հրապարակել:
–Տիկին դեսպան, ի՞նչ է նախատեսված դեսպանության օրակարգում 2017 թվականի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ է այժմ Իտալիայում Հայաստանի դեսպանությունն ակտիվ աշխատանքներ տանում:
-2017թ. առաջին կեսին Իտալիայում ՀՀ դեսպանության օրակարգը եղել է բավական ակտիվ և միջոցառումներով հագեցած, որը կպահպանվի նաև հաջորդ ամիսների ընթացում: Ինչպես նշեցի, հունիսի 7-ին Հռոմում տեղի ունեցավ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր կողմից ներգրավված են յոթ նախարարություն, այսինքն՝ համագործակցության սպեկտորը բավական լայն է: Նիստի ավարտին ստորագրվեց տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ արձանագրություն, և դեսպանությունը ամենօրյա աշխատանք է տանում արձանագրության բոլոր դրույթները հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ:
Իտալիայի գործարար շրջանակներում լայն արձագանք է ստացել միջկառավարական հանձնաժողովին հաջորդած գործարար համաժողովի անցկացումը : Իտալիայում ՀՀ դեսպանություն են դիմում տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ՝ համագործակցություն առաջարկելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի իրենց գործընկերների հետ: Այդ իմաստով դեսպանությունը կապող օղակ պետք է հանդիսանա վերջիններիս միջև՝ խթանելու այդ կապերի ամրապնդման, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ներդրումների իրականացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:
Աշնանը Հռոմում կնշենք Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարին: Նախատեսվում են մի շարք համայնքային միջոցառումներ, տարածաշրջանային այցելություններ:
Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի