Չավուշօղլուն պատասխանել է Կատարի թուրքական ռազմաբազան փակելու կոչերին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Կատարում ստեղծվող թուրքական ռազմաբազան փակելու մասին Ծոցի երկրների կողմից հնչեցվող կոչերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան և Կատարը՝ որպես երկու ինքնիշխան երկիր, համաձայնագիր են ստորագրել ռազմաբազա ստեղծելու մասին: «Երկու ինքնիշխան երկրի միջև առկա խնդիրը մյուս երկրներին չի վերաբերում, սակայն անհրաժեշտ է, որ նրանք հարգեն այդ որոշումը: Երեկ երեկոյան խոսել եմ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլի հետ՝ այս մասին նրանց բացեիբաց ասելով: Նա փորձեց պարզաբանումներ անել, սակայն դա ճիշտ չէ: Հուսով եմ, որ սխալական մոտեցումները կվերանայվեն և մեր եղբայրներ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները կնստեն և եղբայրական ոգով կհարթեն բոլոր տարաձայնությունները»,- ասել է Չավուշօղլուն:
Արաբական մի շարք երկրներ պահանջների մի խումբ էին ներկայացրել Կատարին, որոնցում ներառված էր նաև թուրքական ռազմաբազան փակելու հարցը: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա առաջին փոխադրումներն անելու մասին: Թուրքական կողմը Դոհա է ուղարկել 5 զրահամեքենա և 23 զինվորական:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:
Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեյն, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Հետագայում այդ երկրների թիվն ավելացավ: