«Ես վախենում եմ մեր ապագայի համար. Մեր մոլորակը՝ Երկիրը, վտանգի տակ է». Սթիվեն Հոքինգ

Starmus IV Գիտության և արվեստի միազգային փառատոնի ընթացքում բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հերթական անգամ մարդկանց խորհուրդ է տվել պատրաստվել, որ շուտով պետք է լքել Երկիր մոլորակը: Ըստ Հոքինգի՝ դա տեղի կունենա մոտակա 30 տարիների ընթացքում:

«Ես համոզված եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Երկիր մոլորակը դառնում է շատ փոքր մեզ համար: 30 տարին բավական է՝ Լուսնի վրա բազաներ ստեղծելու, իսկ 50 տարին՝ Մարսը գաղութացնելու համար»,- նշել է Հոքինգը:

Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման և երկրագնդի գերծանրաբեռնվածության խնդիրները կլուծի միայն միջմոլորակային միգրացիան, որն անխուսափելի է մոտ ապագայում: Ըստ Հոքինգի՝ երկրագունդը, այսպես թե այնպես, կործանվելու է: Նրա խոսքով՝ շատ գիտնականներ արդեն գրեթե համոզված են, որ երկրագունդը կոչնչանա կա՛մ աստերոիդի հետ բախման, կա՛մ գլոբալ տաքացման, կա՛մ էլ մարդածին որևէ ֆակտորի պատճառով:

2010 թվականին Հոքինգն ասել էր, որ, եթե այլմոլորակայինները գոյություն ունեն, ապա դժվար թե նրանք բարյացակամ լինեն մարդկանց հանդեպ: Ըստ Հոքինգի՝ իրենց նպատակներն իրականացնելու ճանապարհին այլմոլորակայինները կարող են օգտագործել ցանկացած մոլորակ, այդ թվում՝ Երկիրը։ Օրինակ՝ այլմոլորակայինները կարող են մոլորակը դարձնել նյութ, որից կստեղծեն իրենց տիեզերանավը։

Կարդացեք նաև

«Եթե մենք երկրագնդի միակ բանական էակներն ենք, ապա պետք է ապահովենք սեփական գոյատևումը և զարգացումը: Մենք մուտք ենք գործում պատմության ամենավտանգավոր շրջանը: Մենք ակտիվորեն օգտագործում ենք երկրագնդի օրգանական ռեսուրսները՝ առանց ապագայի մասին մտածելու: Մեր փրկության միակ հնարավորությունը կլինի այն, որ մենք զարգացմանը միտված մեր քայլերը կենտրոնացնենք ոչ թե՝ Երկիր մոլորակի վրա, այլ՝ Տիեզերքում: Մենք Երկրում հասել ենք գոյատևման համար անհրաժեշտ զարգացմանը, բայց եթե ուզում ենք ապրել ևս 100 տարի, պետք է տարածվենք Տիեզերքում:

Ես վախենում եմ մեր ապագայի համար: Մեր մոլորակը՝ Երկիրը, վտանգի տակ է՝ մարդկանց թվի ավելացման և ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Միշտ կա հավանականություն, որ Երկրին կբախվի աստերոիդ: Այդ ժամանակ ձեզ չի փրկի անգամ  Բրյուս Ուիլիսը: Մենք պետք է հաշվի առնենք ամեն բան և ունենանք հավելյալ ծրագիր: Եթե մեր տեսակն ուզում է գոյատևել, մենք պետք է տարածվենք Տիեզերքում և բացահայտենք նոր աշխարհներ»:

Ավելի վաղ Հոքինգը խոսել էր քաղաքակրթության վերացման պատճառների մասին՝ նշելով, որ դրա պատճառն արհեստական ինտելեկտին սխալ մոտենալն է:

«Արհեստական ինտելեկտի կիրառումներն արդեն ապացուցել են իրենց օգտակարությունը: Բայց ես կարծում եմ, որ այս գաղափարի զարգացումները կարող են հանգեցնել մարդկության վերացմանը: Եթե մարդիկ կարողանան կիրառել արհեստական ինտելեկտը, ապա կսկսեն կտրուկ զարգացում ապրել: Իսկ մարդն էակ է, որ բավականին դանդաղ է ապրում իր էվոլյուցիան»:

Ըստ Հոքինգի՝ մարդկությունը կվերանա, եթե չլքի Երկիր մոլորակն առաջիկա 1000  տարիների ընթացքում:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս