«Պոռնոներդ պատրաստվում եմ քցեմ աշխարհի ամենամեծ պոռնո բազայի մեջ». երիտասարդը սպառնացել է նախկին ընկերուհուն, 600 եվրո պահանջել
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել շորթման վերաբերյալ գործով կայացված դատավճիռը։
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանից խնդրել է ճանաչել և հռչակել ամբաստանյալի անմեղությունը, կայացնել արդարացման դատավճիռ, չարդարացնելու դեպքում՝ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանք, իսկ տուգանքի ձևով պատիժ չնշանակելու դեպքում ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Ինչ մեղադրանք է առաջադրվել երիտասարդին
Քրեական գործի շրջանակներում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին ընկերուհուն արատավորող բնույթի մերկ լուսանկար և անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 600 եվրո գումար, այնուհետև վերջինիս կողմից նշված պահանջը չկատարելուց հետո Facebook.com ինտերնետային կայքէջում բացել է էջ, որտեղ տեղադրել է նրա մերկ լուսանկարը և այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով պահանջել և ստացել` շորթել է 307.068 դրամին համարժեք 600 եվրո։
Ինչ ցուցմունք է տվել երիտասարդը
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը թե՛ քրեական գործի նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունք է տվել այն մասին, որ դեռևս ուսանողական տարիներից ծանոթ է տուժողի հետ: Գնալով իրենց հարբերությունները խորացել ու լրջացել են։ Երբ ինքը աշխատելու նպատակով մեկնել է Հայաստանից, իրենց հարաբերությունները շարունակվել են և այդ շրջանում նույնպես պահպանել է կապը տուժողի հետ: Վերադառնալով Հայաստան՝ զբաղվել է տուժողի փաստաթղթերով՝ նրա հետ ընտանիք կազմելու և միասին Եվրոպա տեղափոխելու նպատակով: Եվրոպայում սովորելու նպատակով տուժողը մեկնել է այնտեղ, իսկ ինքը մնացել է Հայաստանում՝ նպատակ ունենալով հետագայում մեկնել նրա մոտ:
Եվրոպայում գտնվելու ընթացքում տուժողը պարբերաբար իրեն գումարներ է ուղարկել: Հետագայում իր մոտ առաջացել են կասկածներ այն մասին, որ տուժողն արտերկրում շփվում է այլ տղամարդկանց հետ: Որպեսզի համոզվի, թե իրականում նա այլ անձի հետ կապ ունի թե ոչ, նրան «պրովոկացիոն» հարցեր է տվել՝ ասելով, որ ինքը տեղյակ է, որ նա այլ անձի հետ կապ ունի, որ ինքն այնտեղ «մարդ» ունի, ումից նրա մասին տեղեկություններ է ստանում և նույնիսկ նրա հեռախոսային խոսակցություններն է կարողացել լսել այդ մարդկանց միջոցով, սակայն թողնում է՝ տուժողն ինքը խոստովանի, որ նման բան եղել է:
Շատ փորձեր անելուց հետո, տոժողն իրեն «մեղայականով» ասել է, որ իրականում եղել է նման բան և պատմել է, որ թեթևաբարո կյանք է վարել: Դրանից հետո իրենց կապերը խզվել են: Ինքը տուժողին ասել է, որ իրենք կարող են կապ պահպանել միայն որպես ծանոթներ, քանի որ արդեն ինքը հանդիպել է իր ապագա կնոջը: Տուժողն ամեն գնով փորձել է իրեն պահել իր կողքին, անգամ բառացի ասել է. «Ես գիտեմ՝ ինչ հայացքով ես կյանքին նայում, դու ինձ չես ուզի, գոնե եղիր իմ սիրեկանը»։ Սակայն, ինքը նրան պարզ ասել է, որ նման բան չի կարող լինել: Այնուհետև կատարվել է այն, ինչ տեղի է ունեցել: Տուժողը սարքել է իր գլխին՝ ասելով, որ եթե իր հետ չլինի, իրեն «փակել է տալու»:
Այնուհետև իմացել է, որ տուժողը բողոք է ներկայացրել իր դեմ: Այդ մասին նա է իրեն հայտնել՝ ասելով. «Սենց-սենց բան եմ արել, եթե դու հենց հիմա կմեկնես Մոսկվա, դիմումը հետ կվերցնեմ, հակառակ դեպքում ապացույցներ եմ սարքելու, որ դու ինձ նման բաներ ես արել»: Նա ասել է նաև, որ բողոքելու է, որ ինքը իբր ԻԳԻԼ-ի հետ կապ է ունեցել, տանը ատոմային ռումբ է սարքում ու մի շարք անհեթեթ բաներ, որոնց ինքը բանի տեղ չի դրել: Գտնում է, որ այս ամենի պատճառը տուժողի խանդն ու էգոիզմն է:
Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ տուժողն իր նախաձեռնությամբ է 600 եվրո գումարը ուղարկել իրեն, որպեսզի իրեն կախման մեջ գցելով՝ պահի իր մոտ:
Ինչ ցուցմունք է տվել տուժողը
Ըստ դատական ակտի՝ տուժողը նախաքննության ընթացքում և դատարանում նույնաբովանդակ ցուցմունք է տվել՝ նշելով, որ ամբաստանյալը եղել է իր ընկերը, նրա հետ ծանոթացել է համացանցով և շփվել: Իրենց ընկերություն անելու ընթացքում ամբաստանյալը մեկնել է Եվրոպա և վերադարձել, այնուհետև ինքն է գնացել, սակայն իրենց ընկերությունը շարունակվել է:
Իր ուսումը շարունակելու նպատակով կրթական ծրագրով ինքը մեկնել է, այդ ընթացքում շարունակել է համացանցով և կապի այլ միջոցներով շփվել ամբաստանյալի հետ: Ելնելով իրենց մտերիմ հարաբերություններից՝ ինքը պարբերաբար տարբեր չափերի գումարներ է ուղարկել ամբաստանյալին, սակայն դա նրան նվեր չի արել: Նա ծրագիր էր գրում ու ասում էր, որ տված փողերը վերադարձնելու է, սակայն մինչև հիմա չի վերադարձրել ու չի էլ ուզում վերադարձնել:
Ամբաստանյալի խնդրանքով, հաշվի առնելով իրենց մտերիմ անձնական ինտիմ հարաբերությունները, ինքն իրեն մերկ վիճակում լուսանկարել է և լուսանկարն ուղարկել նրան: Իր՝ Հայաստանում չգտնվելու ժամանակ ամբաստանյալն իրեն չի վստահել և պարբերաբար նեղացրել ու հոգեբանորեն ճնշել է, թույլ չի տվել, որ իրեն վերաբերող հարցերի վերաբերյալ ինքը կայացնի որոշումներ, այլև պարտադրել է իր որոշումները: Վերջին շրջանում իրենց հարաբերությունները՝ կապված իր նկատմամբ նրա անվստահության հետ, լարվել են:
Հետագայում ամբաստանյալն իրեն հայտնել է, որ ինքն այլ ընտրյալ ունի, որի հետ պետք է ամուսնանա, ինչից հետո ինքն այլևս չի ցանկացել շփվել նրա հետ և դադարեցրել է նաև նրան գումարներ ուղարկելը, սակայն ամբաստանյալը շարունակել է զանգահարել իրեն և գումար խնդրել, ինչը ինքը մերժել է: Մերժում ստանալուց հետո ամբաստանյալը սպառնալով հրապարակել իր կողմից նրան ուղարկված իր մերկ լուսանկարը և իր անձնական կյանքին վերաբերող իրեն հայտնի այլ տեղեկություններ, սկսել է իրենից գումար պահանջել: Սկզբում նա պահանջել է 200, ապա 500, իսկ հետո՝ 600 եվրո գումար: Չստանալով իր պահանջած գումարները, համացանցում` Facebook.com ինտերնետային կայքէջում, իր անվամբ բացել է էջ, որտեղ տեղադրել է իր մերկ լուսանկարը և այդ էջով կապ հաստատել իր և իր համացանցային ընկերների հետ` այդ կերպ հրապարակելով նշված լուսանկարը: Այնուհետև բազմիցս կապ հաստատելով իր հետ, պահանջել է իրեն ուղարկել 600 եվրո գումարը` խոստանալով դրա դիմաց փակել մերկ լուսանկարով համացանցի էջը, իսկ գումարը չուղարկելու դեպքում նա սպառնացել լուսանկարը հրապարակել և հասանելի դարձնել ավելի շատ անձանց, այդ թվում՝ իր ծնողներին:
Ինքը նրան խոստացել է ուղարկել այդ գումարը, որից հետո ամբաստանյալը փակել է այդ էջը, սակայն, երբ որոշ ժամանակ անց խոստումը չի կատարել և գումարը չի ուղարկել, նա կրկին բացել է այդ էջը: Երբ ինքը սկսել է չպատասխանել ամբաստանյալի հեռախոսազանգերին, նա սկսել է սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ ուղարկել իրեն` սպառնալով նաև՝ վնասել Հայաստանում բնակվող իր քրոջը:
Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում ամբաստանյալը բազմիցս մուտք է գործել և օգտագործել իր էլեկտրոնային փոստարկղը, համացանցի պրոֆիլը և դրանց ծածկագրերը փոփոխելով՝ արգելափակել է իր մուտքը, և ինքը ամբաստանյալի սպառնալիքները և հակաօրինական արարքները դադարեցնելու համար նրան ուղարկել է 600 եվրո գումար և Viber բջջային հավելվածով ուղարկել նաև գումարն ստանալու համար համապատասխան ծածկագիրը:
Ըստ դատական ակտի՝ բջջային հեռախոսի զննություն կատարելու մասին արձանագրության համաձայն՝ տուժողից առգրավված բջջային հեռախոսում հայտնաբերվել էլեկտրոնային նամակներ` հետևյալ բովանդակություններով. «… եթե մտածում ես քո և քո ընտանիքի ապագայի մասին դուս արի կապի իմ հետ, երեկոյան պատրաստվում եմ քայլերի դիմեմ ուղիղ իմաստով ու ոչ խոսքերով…» , «… ես էլ փորձեմ գտնեմ քեզ այն բանից հետո, երբ լռությամբ կկատարեմ այն ինչի մասին երբեք չեմ խոսա..», «… քո ցանկացած ըմբոստ արարք տանումա նրան, որ ես վարվեմ համարժեք ձևով…», «… այ անգամ ավելի ճիշտ կլինի վեբ կայք սարքեմ ու տեղադրեմ բացարձակ բոլոր քո այլանդակությունները ու պտտեմ ինտերնետով մեկ, ուղղակի սայթի սիլկեն ուղարկելով…», « …եթե էդքան վստահ ես, էլ չեմ ձգձգում, իսկ եթե փողին ա վերաբերվում դու մի քանի օր առաջ կուղարկեիր ու նկարդ գցած չէր լինի…», «… պոռնոներդ պատրաստվում եմ քցեմ աշխարհի ամենամեծ պոռնո բազայի մեջ, էնտեղից իրան իրան ռասկրուտկայա եղնում…» և այլն։