Բաժիններ՝

Կատարի համար արաբական երկրների պահանջներն անընդունելի են

Կատարն անընդունելի է համարում շրջափակումը վերացնելու համար արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Կատարի կառավարության մամուլի խոսնակ շեյխ Սաիֆ ալ-Տանին նշել է, որ այդ պահանջների ցանկն ապացուցում է այն, ինչի մասին հենց սկզբից խոսել է Կատարը: «Կատարի անօրինական շրջափակումն ահաբեկչության դեմ պայքարի հետ որևէ առնչություն չունի: Դրա նպատակը Կատարի ներքին գործերին միջամտելն է ու երկրի ինքնավարությունը սահմանափակելը»,- ասել է նա:

Նա նշել է, որ Կատարի կառավարությունն ուսումնասիրում է արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները և պատասխան է պատրաստում:

Ավելի վաղ Կատարի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հայտարարել էր, որ արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին և երկրի կառավարությանը կոչ էր արել հրաժարվել այդ պահանջներից:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը Քուվեյթի միջոցով Կատարին 13 կետից բաղկացած խիստ պահանջներ են ներկայացրել` ներառյալ Իրանի հետ հարաբերությունների սահմանափակումը: Նրանք այդ պահանջների կատարումը որակել են Կատարի հետ հարաբերությունները նորմալացնելու պայման:

Ծրագրի համաձայն` Կատարը միայն կոմերցիոն կապեր կունենա Իրանի հետ, որոնք թույլատրելի են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և միջազգային պատժամիջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս