Բաժիններ՝

«Երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա». բելգիացի սենատոր

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին հանդես է եկել մամլո ասուլիսով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Յորիս Պոշետին, ողջունելով ներկաներին, նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ և բավականին մեծ տպավորություններ է ստացել:

«Այցելել եմ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացել եմ կենտրոն հաճախողների կատարած աշխատանքներին. պարզապես հիացած եմ, այնտեղ մեծ ներուժ կա: Իմ այցով ես բացահայտեցի Արցախը և տեղում ծանոթացա հակամարտության իրավիճակին: Այստեղ տեսա մեծ կազմակերպվածություն և, որ ամենակարևորն է, ես ինձ ապահով եմ զգում Արցախում»,-ասել է բելգիացի սենատորը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Յ. Պոշետին մասնավորապես նշել է, որ երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա:

«Ֆլամանդական խորհրդարանում կգործի Արցախի բարեկամության խումբ, որը լինելու է մեր առաջին, բայց և կարևոր քայլը: Ես նախատեսում եմ ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում»,- մասնավորապես նշել է Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ Եվրոպան մեծ ներուժ ունեցող քաղաքական մարմին է, որը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը:

Նշենք, որ Յուրիս Պոշետիին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հյուրընկալվել է ԱՀ Խորհրդարանում, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս