«Ախպորն ասել է՝ էսօր ընձի կխփեն, ու ապրիլի մեկին Վլոյիս խփին». Արցախում զոհված Վլադիմիրը կդառնար 21 տարեկան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին զոհերից գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանը երեկ կդառնար 21 տարեկան: Վլադիմիրը ծառայության էր մեկնել 2014 թվականի հուլիսի 2-ին, եթե պատերազմում չզոհվեր, ետ էր վերադառնալու երկու ամսից:

«2016 թվականի մարտի 31-ին եմ խոսացել հետը, ասաց`պապ ջան, քեզ ձիգ պահե, երկու ամսից հետ կգամ, լավ կլինի: Ես ընձի ձիգ պահի, ինքն էլ չեկավ… Հողի տակ 20 տարեկան դարձավ: Երբ զանգում էր, ասում էր` ես լավ եմ, ամեն ինչ ցենտր է, բողոք չի ունեցել»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում է Վլադիմիր Մելքոնյանի պապը:

Պապի խոսքով` Վլադիմիրը զգացել է, որ հակառակորդի գնդակն իրեն է հասնելու: «Հեռախոսով ախպոր հետ խոսալուց ասել է` էսօր ընձի կխփեն, ու ապրիլի մեկին Վլոյիս խփին»,- ասում է նա:

Վլադիմիրն ապրիլի մեկի առավոտյան վերջացրել է դիրքերում իր մարտական հերթապահությունը: Իր ջոկին ուղեկցել է զորամաս, բայց հետո հիշել է, որ իրեր է մոռացել, ետ է դարձել և զոհվել:

«Ապրիլյան պատերազմից մի քանի օր առաջ կրկին դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, Վլադիմիրը ձեռնամարտի է բռնվել, հետո ընկերներն են օգնության հասել, այդպես փրկվել է… Ապրիլի 1-ի ցերեկը վերջացրել է հերթապահությունը, դիրքերից իջնելուց հիշել է, որ գրանցամատյանը մոռացել, հետ է եկել, որ վերցնի, էդ պահին զոհվել է: Վլադիմիրը մի անգամից չի մահացել: Ընկերների պատմելով` վիրավորվել է, շտապօգնություն են կանչել, բայց ճանապարհին փչացել է, երկրորդն էլ մինչեւ եկել է`չի հասցրել օգնություն ցույց տալ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Վլադիմիրի մորաքույրը` Սիրանուշ Ազատյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս