«Դատարանն ամեն անգամ կենտրոնանում է Վահան Շիրխանյանի չկանգնելու վրա, և այդ կերպ ստացվում է, որ դատական նիստերը փակուղի են մտնում»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը կդիմի Փաստաբանների պալատ՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով։
Այսօր կայացած նիստի ընթացքում դատավորն ասաց, որ Հայկ Ալումյանը հեռացել է դատարանի շենքից։ Հիշեցնենք՝ դատավորը որոշում էր կայացրել ամբաստանյալ Վահան Շիրխանյանին դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին։ Մեղադրողը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել ՀՀ փաստաբանների պալատ։ Ըստ մեղադրողի՝ նման վարքագիծն անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, նշված գործողություններով միտում կա խոչընդոտելու դատական նիստերի բնականոն ընթացքը։
Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ։ Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ պաշտպանն առաջին հերթին պետք է ղեկավարվի իր պաշտպանյալի շահերով։ «Պարոն Ալումյանը հեռանալիս ասաց, որ իր պաշտպանյալն ասել է, որ չմասնակցի՝ առանց իր ներկայության»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որևէ խախտում թույլ չի տրվել։
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատարանը պետք է հաշվի առնի Վահան Շիրխանյանի առողջական վիճակը. փորձաքննության եզրակացության մեջ արտացոլված են բոլոր հիվանդությունները, որոնք թույլ չեն տալիս, որ նա կանգնի։ «Նա չի հայտարարել, որ չի հարգում դատարանին։ Պարոն Շիրխանյանն ընդամենն առողջական խնդիրներ ունի։ Հարգելի դատարան, դուք պետք է թույլատրեիք վերջինիս, որ նա նստած պատասխաներ դատարանին»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ դատարանն անընդհատ փորձում է սանկցիաներ կիրառել մի անձի նկատմամբ, ով չի կարող կանգնել։ Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ հարցրեց՝ դատարանը նման միջնորդություն ունի՞։ Ինեսսա Պետրոսյանն էլ ավելացրեց, որ իրենք տեսնում են՝ ուղեկցող դասակը դժվարությամբ է Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնում։ «Դա ակնհայտ է բոլորիս համար, կարծում եմ՝ դատարանի համար նույնպես պետք է ակնհայտ լիներ։ Այդ նկատառումներից ելնելով՝ դատարանը պետք է թույլ տար, բայց դատարանն ամեն անգամ կենտրոնանում է պարոն Շիրխանյանի չկանգնելու վրա, և այդ կերպ ստացվում է, որ դատական նիստերը փակուղի են մտնում»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։
Մեղադրողն էլ ասաց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ըստ էության արձանագրվել է, որ դատական նիստերին մասնակցելու հետ կապված որևէ խոչընդոտ չկա. «Եթե որևէ խոչընդոտ լիներ, այդ եզրակացության մեջ արձանագրված կլիներ, որ կարող է մասնակցել, բայց այս վիճակով կարող է մասնակցել, բայց տեղափոխման հետ կապված որոշակի բարդություններ կան։ Դատաբժշկական եզրակացությամբ որևէ բան արձանագրված չէ։ Մնացած հետևությունները կամայական հետևություններ են, չեն բխում գործով առկա որևէ փաստական տվյալից»։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ կա նաև բարոյական կողմը, բազմաթիվ անգամներ պատահել է, որ դատավարության մասնակիցները չեն կանգնել, դատաբժշկական փորձաքննություն չի պահանջվել։
Դատական նիստը հետաձգվեց: