Բաժիններ՝

«Առաջիկա 1-3 տարին լինելու է որոշակի կայունացումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ժամանակահատված». Ատոմ Մարգարյան

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԵՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանն այսօրվա ասուլիսում խոսելով ՀՀ կառավարության ծրագրի համատեքստում տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ նշեց, որ այն շատ ծավալուն է և ներառում է բոլոր ոլորտները: Ծրագրում, ըստ նրա՝ հիմնականում բարեփոխումների համատեքստում մատուցված դրույթներ են, ու համատեքստը բավական հստակ է: Ա. Մարգարյանի գնահատմամբ՝ ծրագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ առաջիկա 1-3 տարին լինելու է որոշակի կայունացումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ժամանակահատված՝ հաշվի առնելով տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը:

Նա այն բնութագրեց որպես կայունացումից դեպի զարգացում տանող ծրագիր, որովհետև կա և՛ քաղաքական կամք, և՛ անհրաժեշտ ռեսուրսներ, և բացի այդ՝ պարտադրանքն էլ է այդպիսին:

Ատոմ Մարգարյանն առանձնացրեց այն 3 հիմնական գործոնները, որոնց համատեքստում մշակվել է այս ծրագիրը, և որոնք հիմք են հանդիսացել այս ծրագրի ձևավորման և մատուցման համար:

«Առաջին հերթին՝ կարելի է ասել, որ սա երկրի զարգացման ռազմավարական օրակարգն է պարունակում: Երկրորդ՝ կա քաղաքական հարթակ, որի վրա ձևավորվել է այս ծրագիրը, սա խորհրդարանում մեծամասնություն ստացած երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և Դաշնակցության ծրագրահենքի որոշակի կոնկրետացումներն են՝ 5 տարվա կտրվածքով: Եվ երրորդ՝ սա կարճաժամկետ ծրագիր է, որում կաբինետը հիմնականում ներառել է նախկին նախարարներին»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 5 % տնտեսական աճը սահմանվեց՝ որպես ուղենշային միջին ցուցանիշ՝ ունենալով միտում, որ մինչև 2040 թվականը ՀՆԱ-ն կհնգապատկվի և կհասնի մինչև 57-60 մլրդ դոլարի: Ու թեև շատ փորձագետներ նշում են, որ Հայաստանը կարող է զարգացում ունենալ, եթե 7-7.5 % տնտեսական աճ ունենա ամեն տարի, բայց նրա կարծիքով՝ 5 % տնտեսական աճը միջին հաշվով առաջիկա տարիների համար ամենաիրատեսական ցուցանիշն է:

Ատոմ Մարգարյանը նշեց, որ տնտեսական աճը հիմնված է սպառողական մոդելի վրա, ինչը ևս պետք է փոխվի, և սա հենց բնորոշ է այս ծրագրին: Ըստ նրա՝ շատ կարևոր է անցումը սպառողական մոդելից՝ տնտեսական աճի ինովացիոն մոդելի, երբ ոչ միայն քանակական ցուցանիշներն են կարևորվում, այլև՝ որակական:

Իսկ տնտեսական աճ ապահովելը, ըստ Ատոմ Մարգարյանի, ոչ միայն կառավարության ֆունկցիաների մեջ է մտնում, այլև հասարակության, բիզնեսի, միջնորդների, բանկային համակարգի, սփյուռքի, հետևաբար՝ իրենց ջանքերը կարող են ապահովել ցանկալի զարգացումը:

Անդրադառնալով ծրագրի ներդրումների հատվածին առնչվող դրույթներին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ այն ծրագրի որոշակի բացերից մեկն է: Նրա կարծիքով՝ կարելի էր ըստ տարիների ներկայացնել, թե համախառն ներքին արդյունքի նկատմամբ ներդրումային վիճակն ինչպիսի՞ փոփոխություններ կկրի:

Նրա համոզմամբ՝ ներդրումային այդ ծրագրերը գոնե այս տարվա առաջին հնգամսյակի կտրվածքով իրականանում են, այստեղ թվերի հետ անիմաստ է վիճել, բայց ներդրումների որակի առումով բավականաչափ լուրջ խնդիրներ կան:

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ այս ծրագրի ռիսկային պահն այն է, որ բարեփոխում բառը շատ է չարաշահված: «Բարեփոխումներն ունեն իրենց գինը, նախորդ տարիների բարեփոխումների գինը 6 մլրդ դոլար է կազմել: Ո՞վ է վճարելու այսքան բարեփոխումների համար, բնական է, որ և՛ Համաշխարհային բանկը, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, և՛ Զարգացման ասիական բանկը, և՛ մյուսները հետ են ուզում իրենց փողերը, և ստացվում է, որ բարեփոխումներ անելու համար պետք է վճարի հասարակությունը: Իսկ հասարակությունն ունի աղքատության լուրջ խնդիր»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս