
Արիզոնայում ավելի քան 40 ավիաչվերթ է չեղարկվել տապի պատճառով

ԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքում (Արիզոնայի նահանգ) հունիսի 20-ին ավելի քան 40 ավիաչվերթ է չեղարկվել 49 աստիճան տապի պատճառով: Այդ մասին հայտնել է BBC News-ը: Մասնավորապես, ամերիկյան American Airlines ավիաընկերությունը հայտարարել է օրվա ամենաշոգ ժամերին «Ֆինիքս Սքայ-Հարբոր» օդանավակայանից ավելի քան տասը չվերթների չեղարկման մասին:
Fox News հեռուստաալիքի տեղի բաժանմունքի տեղեկատվության համաձայն, չեղարկումը մեծ մասամբ վերաբերելու է Bombardier CRJ տարածաշրջանային ինքնաթիռներով իրականացվող չվերթներին, որոնք չեն դիմանում 48 աստիճանից բարձր ջերմությանը: Տեղական ժամանակով ցերեկվա ժամը երեքից մինչեւ երեկոյան ժամը վեցը կչեղարկվեն առանց բացառության բոլոր չվերթները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: