Սեուլում գործարկվել է քաղաքի կառավարման բարձր տեխնոլոգիական ինտերակտիվ համակարգը
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի քաղաքագլուխ Պակ Վոն Սունը հունիսի 20-ին լրագրողներին է ներկայացրել հարավկորեացի IT-մասնագետների նորագույն մշակումը՝ քաղաքի կառավարման Seoul Live ինտերակտիվ համակարգը: Քաղաքապետի առանձնասենյակում կայացած շնորհանդեսին նա ցուցադրել է դրա հնարավորությունները, որոնք միանգամայն ֆանտաստիկ են թվում։
«Եթե նախկինում ստիպված տեղեր էինք մեկնում եւ իրավիճակը վերահսկում այնտեղ, ապա այժմ թվային ցանցի միջոցով կարելի է իրական ժամանակում ստանալ քաղաքին վերաբերող ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»,- հավաքվածներին պատմել է Պակ Վոն Սունը: «Հավանաբար, աշխարհում առաջին անգամ է ստեղծվել քաղաքագլխի նման կաբինետ, որը թույլ է տալիս թվային տեխնոլոգիաների միջոցով կառավարել քաղաքի բոլոր գործառույթները»,- նշել է քաղաքագլուխը:
Երբ կաբինետ այցելեցին Կորեայի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները, նրանց տպավորեց նոր տեխնոլոգիան, պատմել է Պակ Վոն Սունը: Նրա խոսքով՝ արդեն քննարկվում է այն հարցը, որ այն օգտագործվի պետության կառավարման համար, իսկ ապագայում այն արտահանվի այլ երկրներ: Համակարգը կարելի է կառավարել ինչպես համակարգչային մկնիկի միջոցով, այնպես էլ ձայնի եւ ժեստերի օգնությամբ: Այն իրական ժամանակում ներկայացնում է անհրաժեշտ տեղեկատվությունը, ներառյալ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ հրդեհների թիվը, ճանապարհատրանսպորտային իրավիճակը, օդի եւ ջրի որակը, շուկաներում եւ խանութներում գների մակարդակը, թույլ է տալիս կատարել զանգվածային լրատվամիջոցների մոնիթորինգ եւ ստանալ մեծ քանակությամբ շատ այլ տվյալներ: Տեղեկատվությունը նորանում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ:
Համակարգը թույլ է տալիս օպերատիվորեն եւ ուղղակիորեն կապվել պատասխանատու անձանց հետ եւ նրանց ցուցումներ տալ: Բացի դրանից, թվային կաբինետը թույլ է տալիս միանալ փողոցներում տեղակայված տեսահսկման խցիկներին եւ ուղիղ եթերում հետեւել իրադրությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: