Բաժիններ՝

Հայաստանում շահագործվելու է էլեկտրական, էկոլոգիական և տնտեսապես շահավետ նոր տրանսպորտային միջոց

Հայաստանում նախատեսվում է իրականացնել նոր նախագիծ՝ էլեկտրական, էկոլոգիական և տնտեսապես շահավետ նոր տրանսպորտային միջոցի շահագործումը։ Քանի որ սա նորություն է Հայաստանում, նախատեսվում է ստեղծել էլեկտրական ավտոտրանսպորտի արագ լիցքավորման կայանների ցանց և առաջարկներով դիմել կառավարությանն այս տիպի տրանսպորտի համար օրենքում լրացումներ կատարելու հարցով։

«Բավական տևական ժամանակ է՝ «Գիտատեխնիկական Ասոցիացիա Երեք Կետ» ԻԱՄ-ը զբաղվում է Հայաստանի տարածքում տրանսպորտի և նրա ենթակառուցվածքի ձևավորման հարցերով։ Այս պահին Հայաստան է ներկրվել էլեկտրամոբիլների որոշակի խմբաքանակ, ճանապարհին էլ ունենք ներմուծվող մեքենաներ։ Մեր հարևան երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, լինելով նավթով, գազով հարուստ երկրներ՝ արտադրում են էլեկտրամոբիլներ։ Հարցման արդյունքում՝ մեր վերջին տվյալներով, մի քանի միավոր էլեկտրամոբիլ ունենք, բայց հույս ունենք, որ ենթակառուցվածքների ձևավորման դեպքում այդ քանակն կաճի երկրաչափական պրոգրեսիայով, քանի որ, բացի էկոլոգիական լինելուց՝ էլեկտրական ավտոտրանսպորտը նաև բավականին մեծ խնայողությունների հնարավորություն է տալիս մեքենան շահագործողներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծի համակարգող Նորայր Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլը  մատչելի է սպասարկման առումով նույնպես. ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատ՝ փչացող մասերն ավելի քիչ են։
Ն. Հովակիմյանի գնահատմամբ՝ այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների կարիք ունենք, որովհետև շատ երկրներում էլեկտրական ավտոտրանսպորտի շահագործման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար տրվում են դոտացիաներ։

«Հաշվի առնելով երկրի ֆինանսական վիճակը՝ այս պահին չենք խոսում դոտացիաների մասին, բայց որոշակի արտոնությունների կարիք լինելու է։ Մեր գործընկերների կողմից վերջերս կարմիր գծերից ազատվելու հարցը լուծվեց։ Նման մեքենաները կարմիր գծերի վճարումներից ազատվում են։ Եթե շարժիչն էլեկտրական է, տեխանձնագիրը ուղարկվում է քաղաքապետարան, և այդ հարցը լուծվում է»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ սա արվել է  քաղաքապետարանի կողմից էներգետիկ զարգացման ծրագրի շրջանակում, և կա ավագանու որոշում, ըստ որի՝ ավտոկայանատեղիների վճարումերից էլեկտրական տրանսպորտն ազատվում է։

Պարոն Հովակիմյանի խոսքով՝ գույքահարկի հարցով հիմա տարվում են աշխատանքներ։ Անդրադառնալով էլեկտրամոբիլի մաքսազերծման խնդրին՝ նախագծի համակարգողն ասաց. «Մաքսազերծման գները նույնն են, ինչ որ սովորական մեքենաների դեպքում է։ Անգամ եղել է, որ CO2-ի գումար են գանձել, որովհետև օրենք  չկա, օրենսդրությամբ էլ նախատեսված չէ, որ մեքենան կարող է լինել էլեկտրական շարժիչով»։

Նման մեքենա ձեռք բերելու համար, Նորայր Հովակիմյանի խոսքով՝ անհրաժեշտ կլինի 8000-9000 դոլարին համարժեք դրամ։ Այս պահին Հայաստանում կա մինչև 10 էլեկտրամոբիլ։ Նա նշեց նաև, որ մարդկանց շրջանում հետաքրքրություն նկատում են, իսկ այդ 10 մեքենաներն անհատների են պատկանում, ոչ թե կազմակերպությունների։

Նրա դիտարկմամբ՝ էլեկտրամոբիլը շահագործելու դեպքում հաջորդ խնդիրը լիցքավորման կայանների ստեղծումն է։ Նա իր խոսքում նշեց, որ այս պահին այդ մեքենաները լիցքավորվում են տան հոսանքից, որը տևում է 7-8 ժամ։ Մեքենան 24 կիլովատտով շահագործվում է 150 կմ-ի չափ։ «Մենք քաղաքապետարանից այս հարցում աջակցություն ունենք։ Նրանք պատրաստ են քննարկել հարցը և համապատասխան տեղը տրամադրել։ Բայց այդ լիցքավորման կայանները պետք է նաև կառուցել քաղաքից դուրս, 70-80 կմ հեռավորության վրա»,- ասաց Նորայր Հովակիմյանը։

Այս հարցն ավելի մանրամասնեց տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ղարիբյանը: Նրա խոսքով՝ եթե ամբողջ աշխարհում սահմանված ստանդարտ կա, որ այդ լիցքավորման կայանները տեղադրվում են 40-50 կմ-ի վրա, ապա Հայաստանում քաղաքից դուրս միջազգային նորմերին համապատասխան լիցքավորում ապահովելու համար դրանք պետք է տեղադրել 50-70 կմ-ի վրա։

«Այն պետք է ունենա հաստատուն հոսանք։ Ժամանակի ընթացքում պետք է նախատեսել, թե մոտավոր քանի՞ մեքենա է լինելու գալիք հինգ տարում, որ մեր լիցքակայաններն ըստ դրա կառուցենք։ Դրանք բարձր վոլտաժներ ունեն՝ 100-200 կվոլտ և շատ բարձր են։ Ուսումնասիրում ենք նաև այլընտրանքային էներգիաների աղբյուրները։ Եթե քամոտ տեղ է, օրինակ՝ Աշտարակի ճանապարհին,  կկարողանանք արևայինի կողքին օգտվել նաև քամու գեներատորներից՝ 24-ժամյա հոսանքն ապահովելու համար»,- ասաց Արմեն Ղարիբյանը։

Հարցին, թե եղանակային պայմանները կարո՞ղ են ազդել մեքենաների վրա, նա պատասխանեց, որ այդպես լինել չի կարող, բայց դրանք կազդեն լիցքավորման վրա.

«Եթե, ասենք՝ արևոտ եղանակ եղավ, մարտկոցը կարող ես լիցքավորել, բայց եթե չեղավ, լիցքավորում չունես։ Դրա համար պետք է կայուն լիցքավորման կայաններ ունենանք, որոնք տարբեր տեղերում պետք է տարբերվեն, որովհետև Աշտարակում և Մեղրիում նույնատիպ կայաններ լինել չեն կարող. դրա համար հատված առ հատված ուսումնասիրություններ են կատարվում։ Նաև կան արևային պանելներ, որոնք կարելի է ամրացնել մեքենայի տանիքին և ավելի երկարացնել շահագործումը»,- հավելեց Ա. Ղարիբյանը։

Իսկ FAA գործող ավտոմարզիկ Էդվարդ Եղյանի խոսքով՝ այս և սովորական մեքենաների վարման մեջ տարբերություն չկա, բայց էլեկտրամոբիլն ավելի անվտանգ և ապահով է։ «Բավականին պայթյունավտանգ բաներ կան սովորական մեքենաների մեջ՝ շարժիչ, բենզին, գազ և այլն, բայց այս մեքենաների մեջ նման խնդիր գոյություն չունի։ Այն 50 տոկոս առավել է այն մեքենաներից, որոնք այսօր մենք վարում ենք»,- ասաց ավտոմարզիկը։

«Գլոբալ Շիփինգի» ավագ մենեջեր Մարգարիտա Զավենովնայի կարծիքով՝ մեքենայի օգտագործումը Հայաստանում իրատեսական է, որովհետև այն էկոլոգիապես մաքուր, գերշահավետ մեքենա է  և ֆինանսապես հարմար է ցանկացած անձի։

«Հայաստանում միակ խնդիրը մաքսազերծումն է, որովհետև բոլոր երկրներում ավտոմոբիլը չի մաքսազերծվում, իսկ Հայաստանում այն մեքենայի արժեքի 34 տոկոսն է կազմում. դրա համար գինն աճում է, և մարդիկ չեն կարողանում  ձեռք բերել այն»,- ասաց նա։

Հարցին, թե ե՞րբ են այս ծրագրի հարցով դիմելու կառավարությանը, Նորայր Հովակիմյանը պատասխանեց, որ դեռ հստակ ժամկետ չկա, բայց նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս