Աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանները (լուսանկարներ)
Paluba.us կայքը ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանների վարկանիշը, որը կազմվել է լրագրողական հարցումների արդյունքում։ Հաշվի է առնվել ոչ թե օդանավակայանների շենքերի ճարտարապետությունը, այլ տեսարանը, որը բացվում է օդից՝ ուղևորների առաջ։
Ամենագեղեցիկ օդանավակայանների TOP-21-ում տեղ են գտել ամերիկյան 3 օդանավակայաններ։
21-րդ տեղում Լոս-Անջելեսի օդանավակայանն է։ Հոլիվուդի կողմից թռչելիս ուղևորները կարող են հիանալ քաղաքի գեղեցիկ համայնապատկերով։
19-րդ տեղում Լաս-Վեգասի օդանավակայանն է։ Թռիչքի ժամանակ կարելի է տեսնել աշխարհի հրաշալիքների կրկնօրինակները։
Երկրորդ տասնյակում տեղ գտած օդանավակայանների թվում ուշադրության է արժանի Մալդիվների օդանավակայանը՝ կառուցված կորալային կղզու վրա։
Արհեստական կղզի են կառուցել նաև ճապոնացիները՝ Օսակայի միջազգային օդանավակայանի համար։
Յուրօրինակ լուծում են գտել նաև Ջիբրալթարի օդանավակայանի ճարտարապետները։ Նրանք թռիչքուղին կառուցել են ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Ավտոմեքենաների և օդանավերի երթևեկությունը կարգավորվում է լուսացույցների միջոցով։ Եթե Ջիբրալթարի կենտրոնում խցանում է, նշանակում է` օդանավը կամ թռչում է, կամ վայրէջք է կատարում։
Ցանկում տեղ են գտել նաև վայրեր, որտեղ օդանավերը թռչում են մարդկանց գլխավերևով։ Դրանք են՝ Սկիատոս փոքրիկ կղզին Հունաստանում և Սենտ-Մարտինը՝ Կարիբներում։
Կղզիները չափերն ու ռելիեֆը թույլ չեն տվել մեծ տարածք հատկացնել օդանավակայանի համար, այնպես որ ինքնաթիռները ստիպված են թռչել ծովափում գտնվողների գլխի վրայով։
Առաջատարների հնգյակում է հայտնվել ԱՄՆ Վայոմինգ նահանգի «Jackson Hole» օդանավակայանը՝ լեռնային համայնապատկերի ֆոնին։
Երրորդ տեղում փոքրիկ Բութանն է։ Միջազգային օդանավակայանը գտնվում է Հիմալայներում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տեսարան է բացվում վայրէջքի ժամանակ։
Երկրորդ տեղում Քեյփթաունի (ՀԱՀ) օդանավակայանն է։ Քաղաքի հյուրերը օդից կարող են հիանալ ոչ միայն ծովածոցերով, այլև բարձրավանդակով, որը տեղացիները «սեղան» են անվանում՝ տափակ մակերևույթի պատճառով։
Իսկ ցանկի անվիճելի առաջատարը ֆրանսիական Նիսի օդանավակայանն է։