Բաժիններ՝

Մեծ որովա՞յն. որ մթերքն է որովայնի հատվածում ճարպի կուտակման պատճառ դառնում

Ավելորդ կիլոգրամներից ազատվել և հարթ որովայն ունենալ ցանկանում են շատերը։ Mirkrasoty.life-ը գրում է, որ ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն սննդակարգը շտկելու արդյունքում։ Ո՞ր մթերքն է հարկավոր բացառել սննդակարգից։

1. Ալյուրով պատրաստված ճաշատեսակներ։ Սրանք հարթ որովայնի գլխավոր թշնամիներն են։ Ցանկացած ճաշատեսակ, որը մեծ քանակով ալյուր է պարունակում, հանգեցնում է որովայնի հատվածում ճարպերի կուտակման։ Սրանց շարքին են դասվում հացը, հացաբուլկեղենը, թխվածքը, տորթերը։

Քաղցր թխվածքը մեծ քանակով պարզ ածխաջրեր է պարունակում, որոնք օգտագործելու դեպքում հագեցածության զգացումն արագ անհետանում է, օրգանիզմը կրկին ուտելու ցանկություն է ունենում։ Արդյունքում՝ օրգանիզմը ճարպեր է կուտակում, հատկապես որովայնի հատվածում։

2. Շաքար։ Հարթ որովայն ունենալու համար հարկավոր է խուսափել շաքարի օգտագործումից։ Այս դեպքում հարկավոր է ուշադիր լինել, քանի որ մեծ քանակով շաքար կարող է պարունակել նաև առաջ հայացքից «անմեղ» մի խումբ մթերք, այդ թվում՝ խանութներում վաճառվող բնական հյութերը։ Եթե չեք կարող լիովին հրաժարվել շաքարից, կարող եք այն փոխարինել մեղրով. քիչ քանակով օգտագործելու դեպքում այն չի վնասի կազմվածքին։

3. Աղ։ Աղի օգտագործումը ևս հարկավոր է նվազագույնի հասցնել, քանի որ այն օրգանիզմում կուտակում է հեղուկը, ինչն իր հերթին՝ հանգեցնում է այտուցների առաջացմանը։

4. Կարտոֆիլ։ Կարտոֆիլը թույլ է տրվում օգտագործել միայն խաշած վիճակում։ Ինչ վերաբերում է բոլորի կողմից սիրված տապակած կարտոֆիլին, այն ոչ մի կերպ չի նպաստում ավելորդ քաշից ազատվելուն և առհասարակ օգտակար չէ օրգանիզմի համար։

5. Սպիտակ բրինձ և սպիտակաձավարի շիլա։ Սպիտակ բրինձի մեջ պարունակվող օսլան նպաստում է ավելորդ կիլոգրամների առաջացմանը։ Իհարկե, հարկավոր չէ այն լիովին բացառել սննդակարգից, բայց խորհուրդ չի տրվում շաբաթվա ընթացքում երկու անգամից ավելի օգտագործել։ Դրա փոխարեն՝ շագանակագույն բրինձ օգտագործեք։ Սպիտակաձավարի շիլան ևս դասվում է արգելված մթերքների շարքին, հակառակ դեպքում չեք կարողանա ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից։

6. Խաղող և բանան։ Որքան էլ զարմանալի է, բայց այս մրգերը ևս կարող են նպաստել որովայնի հատվածում ճարպերի կուտակմանը՝ չափից շատ օգտագործման դեպքում։

7. Արագ պատրաստվող շիլաներ և մյուսլի։ Սրանցից ևս հարկավոր է հրաժարվել, քանի որ հարուստ են պարզ ածխաջրերով, ինչի օգտագործումից հետո քաղցի զգացումը շատ արագ վերադառնում է։

8. Տապակած միս։ Տապակած մսի օգտագործումը ևս լավագույն տարբերակը չէ, քանի որ այն մեծ քանակով խոլեստերին է պարունակում։ Միսն օգտագործեք խորոված կամ խաշած վիճակում։

9. Մայոնեզ, երշիկեղեն, պահածոներ։ Որովայնի հատվածում ճարպերի կուտակմանը մեծապես նպաստում են նաև մայոնեզը, երիշկեղենը, ապխտած ձուկը, պահածոյացված մի խումբ մթերքներ։ Դրանք մեծ քանակով ճարպեր են պարունակում, որոնք հարկավոր չեն օրգանիզմին։

10. Ֆաստ-ֆուդ։ Բացի այն, որ ֆաստ-ֆուդը շատ կալորիական է, այն հանգեցնում է նյութափոխանակության գործընթացների դանդաղման, քանի որ բազմաթիվ արհեստական հավելումներ է պարունակում։ Իսկ երբ նյութափոխանակությունը դանդաղում է, սնունդը լավ չի յուրացվում։ Այս դեպքում նիհարելու մասին խոսք չի կարող լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս