«Ճիշտ է, ունեցանք վայրիվերումներ, բայց գոնե այսօր խնդիրը մտել է լուծման փուլի մեջ»

Ստամբուլի հայ համայնքը հուսով է, որ առաջիկա շրջանում Պոլսո պատրիարքական աթոռը հնարավորինս արագ թափով կվերականգնվի ու կաշխուժացնի իր գործունեությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ին Քյոլնից կվերադառնա Ստամբուլ, ինչից հետո կձևավորվի Նախաձեռնող մարմինը: Նրանք Ստամբուլի նահանգապետարան դիմում կներկայացնեն և դրա արձագանքի հիման վրա գործընթացը կտեղափոխվի ավելի գործնական փուլ»,- հայտնեց Գոչունյանը:

Նա նշեց, որ ներկայում կա երկու վարկած. առաջինը՝ իշխանությունները արագ կարձագանքեն ներկայացվող դիմումին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ կազմակերպել ընտրությունների անցկացումը: Երկրորդ՝ իշխանությունների արձագանքը կարող է ուշանալ:

«Այս պահին կա լավատեսական մթնոլորտ, և հավանական է թվում առաջին տարբերակը: Այս գործընթացը շատ պատասխանատու աշխատանք է պահանջում: Համայնքի բոլոր աչալուրջ մարդիկ հուսով են, որ վերջին ինը տարիների փորձառությունից ճիշտ դասեր կքաղվեն, որպեսզի գործընթացի շարունակությունը զերծ լինի բևեռացումներից, լի նպատակասլացության ու միասնականության ոգով»,- ընդգծեց «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը:

Նա կարևոր ազդակ համարեց այն, որ պատկան մարմինները սկսել են ճանաչել Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ լինելու հանգամանքը: Միաժամանակ, նա ողջունելի համարեց ամբողջ ճգնաժամային իրադրությունում հայկական համայնքի հավասարակշռված դիրքորոշումը:

«Շատերն իրենց ազդեցությունն ունեցան խնդրի դրական լուծման գործում: Օրինակ, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը սառնարյունությունից երբեք չհեռացող, միշտ հեռատես պահվածքով կերպար մարմնավորեց, ինչը բոլորին վստահություն ներշնչեց: Իսկ Արամ սրբազանն ապրիլի 16-ի հանրաքվեից հետո թեկուզ և լռելյայն, ոչ հրապարակային, սակայն գործի դրեց իր հնարավորությունները, որպեսզի կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշեց Գոչունյանը:

Նա կարևորեց նաև մի շարք աշխարհական վարիչների, ինչպես օրինակ, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի դերակատարությունը:

«Ճիշտ է, ունեցանք վայրիվերումներ, բայց գոնե այսօր խնդիրը մտել է լուծման փուլի մեջ: Ինձ թվում է, որ մենք պատվով կհաղթահարենք այս փուլը»,- ասաց պոլսահայ գործիչը:

«Արմենպրես»-ի խնդրանքով նա անդրադարձավ նաև Աթեշյանի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնչեցված հայտարարությանը, որով Սրբազան հայրը բոլոր իրեն դեմ հանդիսացող մարդկանց անվանել էր «անկիրթ»:

«Ես Աթեշյանի հետ խոսել եմ իր ընդդիմախոսներին նրա իսկ կողմից տրված որակավորման մասին: Նա ինձ ասաց, որ Ստամբուլի հայկական համայնքում իրեն դեմ հանդիսացող որոշ մարդկանց խմբեր տարբեր միջոցառումների ժամանակ իր մուտքերի ու ելքերի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին: Աթեշյանը հայտնեց, որ զուտ այդ հայհոյանքների հանգամանքին ակնարկելով էր օգտագործել «անկիրթ» արտահայտությունը: Գոնե ինձ այդպես է ասել»,- նշեց Գոչունյանը:

Նա դեռևս վաղ համարեց խոսել այն մասին, թե արդյոք Աթեշյանը կառաջադրվի որպես Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու:

«Մենք բավական ծանր շրջան ենք անցել: Հետևաբար` մեր եկեղեցականների ամբողջական եռանդի, մասնավորապես եպիսկոպոսների մակարդակի վրա եղբայրական համագործակցության ոգու կարիք ունենք: Մենք չունենք մեր սրբազաններից և ոչ մեկից հրաժարվելու ճոխությունը: Հետևաբար` համայնքում աչալուրջ ու սառնարյուն մարդիկ ակնկալում են, որ այս շրջանի թյուրիմացություններն ու անվստահությունները կհաղթահարվեն և մեր եկեղեցականները նորմալ հարաբերություններով, համագործակցության ոգով կշարունակեն իրենց առաքելությունը»,- հայտնեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Արաքս Կասյան

Տեսանյութեր

Լրահոս