«Որոշել էր գրոհը կատարել ՀՀ Ազգային ժողովի նիստերի ժամանակ». ինչ ցուցմունք են տվել «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալները
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ պաշպանության նախարարի նախկին տեղակալ, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Պաշտպանը բացարկ էր հայտնել գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ միջնորդելով ինքնաբացարկ հայտնել:
Մինչ այդ դատավորը հայտնեց, որ դատարան էր հրավիրվել շտապօգնություն, բժշկի կողմից Հարություն Սարիբեկյանի և Վահան Շիրխանյանի վերաբերյալ տեղեկանք է կազմվել, որի համաձայն՝ նրանք ի վիճակի են մասնակցել դատական նիստին: Բացի այդ՝ դատավորը հրապարակեց Վահան Շիրխանյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացության հետևությունների մասը, որի համաձայն՝ նշված հիվանդությունները չեն հանդիսանում խոչընդոտող դատական քննության մասնակցության համար:
Ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդությունը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանն անդրադառնալով տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու վերաբերյալ դատախազի միջնորդությանը՝ որոշել է բավարարել այն՝ պատճառաբանելով, որ քրեական գործից ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում մեկ այլ քրեական գործ է անջատվել, որով 8 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ապացույցները դեռ հետազոտված չեն, ուստի՝ քրեական գործով կատարվելիք քննչական գործողությունների ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ կալանավորված անձանց տեսակցություներն ու հեռախոսային խոսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն:
Ըստ Հայկ Ալումյանի՝ որպես որոշման հիմք՝ նշվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի հոդվածը, որում ասում է, որ քննության շահերից ելնելով՝ ձերբակալված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քննության շահերից ելնելով:
Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանն իր որոշման հիմքում դրել է ոչ թե իր վարույթում գտնվող քրեական գործի, այլ մեկ այլ քրեական գործի շահերը, որով վարույթն իրականացնում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: Նրա խոսքով՝ այդ գործով քննչական խմբի ղեկավար, ԱԱԾ Քննչական վարչության պետը որոշում է կայացրել, որով Վահան Շիրխանյանի տեսակցությունների և հեռախոսազրույցների արգելքը վերացվել է այն հիմնավորմամբ, որ վերացել է այդպիսի միջոցի անհրաժեշտությունը:
Այդպիսով, ըստ փաստաբանի, նշված քրեական գործի քննության շահերից ելնելով՝ դատավորն իրավասու չէր արգելել Վահան Շիրխանյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը. «Նման որոշում կայացնելով՝ Դուք դուրս եք եկել օրենքով Ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներից և հանդես եք եկել նախաքննական մարմնի կողմում: Ձեր նշված քայը վկայում է, որ նախ՝ Դուք այս գործով հանդես եք գալիս ոչ թե՝ որպես անկողմնակալ դատարան, այլ՝ Ձեզ վրա եք վերցրել նախաքննության շահերը սպասարկելու խնդիր: Ընդ որում, դա անելիս՝ դրսևորել եք ավելի մեծ շահագրգռվածություն, քան անգամ քննչական խմբի ղեկավարը, որը գտել էր, որ այդպիսի անհրաժեշտություն չկա: Երկրորդ՝ այդ որոշումը ցույց տվեց, որ Դուք այս գործով Ձեր որոշումները կայացնելիս՝ կաշկանդված եք մեղադրողի կողմից սահմանագծված շրջանակներով և չեք կարող քննադատաբար մոտենալ նրա կողմից առաջադրված հակաօրինական պահանջներին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ սա հիմք է դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու համար:
Գործով մեղադրող Արամ Արամյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հիշատակված որոշումը հիմնավոր է կայացվել, պատճառաբանված է, այն բողոքարկվել է, վերադաս դատարանի կողմից արձանագրվել է այդ որոշման կայացման օրինականությունը: Ըստ նրա՝ միջնորդությունն անհիմն է: Գործով մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները որոշումը թողեցին դատարանի հայեցողությանը:
Նշենք, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանն էլ, որոշելու համար դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցը, նրանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատավոր Արմեն Բեկթաշյանը որևէ կապ ունի Դաշնակցության հետ, կուսակցության անդամություն ունեցե՞լ է, թե՞ ոչ: Դատավորը բացասական պատասխան տվեց։ Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ «31-ի գործով» անցնում էր, որ դաշնակցականների ցուցակում Վահան Շիրխանյանը 22-րդն էր՝ որպես լիկվիդացիայի ենթակա անձ։ Դատավորն էլ ասաց, որ Արցախի ազատագրմանը մասնակցել է առաջին վաշտի կազմում։
Դատավորը նիստի ընթացքում ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, ապա մերժեց մյուս միջնորդությունը՝ վարույթից հեռացնելու պաշտպաններ Լևոն Բաղդասարյանին և Սիրուշ Աղվանյանին։ Մասնավորապես, ըստ Հայկ Ալումյանի՝ նախաքննությունից սկսած նրանք երկուսով պաշտպանություն են իրականացնում երկու մեղադրյալների, ում շահերն ու դիրքորոշումները մշտապես հակասել են իրար։ Փաստաբանը մեջբերեց ամբաստանյալներ Անտոն Դիկրան Թոթոնջյանի և Արթուր Վարդանյանի ցուցմունքներից հատվածներ, որոնցից, ըստ նրա՝ երևում է, որ նրանք հակասող դիրքորոշումներ ունեն։
Ըստ նրա՝ ցուցմունքներից մեկում Անտոն Դիկրան Թոթոնջյանն ասել է՝ «Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի՝ թեկուզ սպանությունների միջոցով». «Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երբևիցե բռնի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն, մտադրություն ոչ ունեցել է, ոչ էլ այդպիսի մտադրություն որևէ մեկի մոտ հայտնել է»։
Ըստ Հայկ Ալումյանի՝ ցուցմունքում ասվել է, որ Արթուրը չէր մանրամասնում, թե հեղաշրջումը կոնկրետ ինչ ուժերով և ինչ եղանակով է իրականացնելու, նա իր ծրագրերի մանրամասների մասին տեղյակ չի պահել, միայն ասում էր, որ զանազան ծրագրեր ունի, և օրվա իրավիճակից ելնելով՝ պետք է կողմնորոշվի, որոշում կայացնի և գործի, իշխանափոխությունը կա՛մ պետք է տեղի ունենա բանակի ուժով նախագահի հրաժարականը ստիպելով, կա՛մ Արթուր Վարդանյանն իր խմբերով՝ զենքի սպառնալիքով… և այլն։
«Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանն ասում է, որ ես որևէ անգամ զենքով հեղաշրջում իրականացնելու մտադրություն չեմ ունեցել և այդպիսի մտադրություն չեմ արտահայտել որևէ մեկի մոտ»։ Ներկայացնելով մեկ այլ դրվագ՝ Հայկ Ալումյանն ասաց, որ ցուցմունք է տրվել այն մասին, որ «որոշել էր գրոհը կատարել ՀՀ Ազգային ժողովի նիստերի ժամանակ, քանի որ ամենաքիչ քանակի թիկնապահները կլինեն Ազգային ժողովի նիստի ընթացքում», սակայն Արթուր Վարդանյանը նշել է, որ այդպիսի բան չի ասել։
Գործով մեղադրողն առարկեց միջնորդության դեմ, պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ ներկայացրել է Անտոն Դիկրան Թոթոնջյանի շահերն առաջին հարցաքննության ժամանակ, որի ընթացքում նա ժխտել է իրեն մեղսագրվող արարքը, հետո չի մասնակցել և չի ներկայացրել նրա շահերը, երբ առերևույթ ի հայտ է եկել հակասությունը, դադարեցրել են հարաբերությունները։ Սիրուշ Աղվանյանը նշեց, որ անճշտություններ կան ներկայացված տվյալներում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում