Կառավարությունը նոր ծրագրով առաջարկում է տնտեսական աճի հստակ թիրախ ընտրել տարեկան 5 տոկոսը
Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին լուրջ հայտ է, որը իր մեջ ներառում է մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ Նախագահի ծրագրային ելույթի թիրախները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կառավարության ծրագրի հիմքը մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթն է»,- նշեց Շարմազանովը՝ հայտնելով, որ նիստի ընթացքում քննարկել են կառավարության գործունեության ծրագրի նախագիծը:
Նա հայտնեց, որ կառավարությունը նոր ծրագրով առաջարկում է տնտեսական աճի հստակ թիրախ ընտրել տարեկան 5 տոկոսը: «Առաջարկվում է 5 տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձի աճի թիրախ սահմանել 25 տոկոսը: Առաջարկվում է գործազրկության 12 տոկոս նվազում: Կառավարությունը նախատեսում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Կառավարության ծրագրում շատ լուրջ ուշադրություն է հատկացվում հակակոռուպցիոն բլոկին: Շարմազանովը հայտնեց, որ հակակոռուպցիոն բարեփոխումները առանցքային տեղ են ունենալու կառավարության աշխատանքում: «Մեծ կարևորություն է հատկացվում անվտանգությանը: Մենք շարունակելու ենք ամրապնդել Հայաստանի Հանրապետության ամրապնդումը»,- ասաց նա:
Կառավարությունը նախատեսում է զգալիորեն բարելավել դիրքերը Buisness Doing-ի վարկանիշում՝ հասնելով 25-րդ հորիզոնական: «Կարող եմ ասել, որ ՀՀԿն ու ՀՅԴն կարողացել են ներկայացնել իրատեսական ծրագիր, որտեղ հստակ թիրախներ են ընտրված, որոնք հիմնված են Նախագահ Սարգսյանի մայիսի 18-ին ունեցած ելույթից»,- եզրափակեց Շարմազանովը: