«Սոցկայքերն օդ ու ջուր են դարձել մարդկանց համար». Գժեգոժ Պիխոտա
Հունիսի 14-ին լեհ հայտնի խմբագիր, մեդիա մենեջեր, մեդիայի թվային ռազմավարությունների մշակման խորհրդատու Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող Գժեգոժ Պիխոտան դասախոսություն անցկացրեց` «Լրագրությունն ու լրատվությունը թվային հարթակների դարաշրջանում» թեմայով:
Գժեգոժ Պիխոտան աշխատել է Լեհաստանի Gazeta Wyborcza (Agora) պարբերականում` սկզբում՝ որպես լրագրող, ապա՝ խմբագիր, այնուհետև` Agora հիմնադրամի փոխնախագահ: Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող է, ուսումնասիրում է թվային տեխնոլոգիաներով պայմանավորված փոփոխությունների ազդեցությունը տարբեր ոլորտների, այդ թվում՝ մեդիայի վրա: Լրատվական մեդիա ընկերությունների միջազգային ասոցիացիայի (INMA) տնօրենների խորհրդի անդամ է:
2017թ. սեպտեմբերին, որպես ավագ գիտաշխատող, տեղափոխվելու է Օքսֆորդի համալսարան՝ ուսումնասիրելու թվային հարթակների ազդեցությունը բրիտանական և միջազգային լրատվական կազմակերպությունների վճարովի բովանդակության վրա: Նա այս տարի մասնակցելու և դասախոսություններ է կարդալու նաև «Թվապատում» ծրագրի շրջանակում:
Բանախոսի խոսքով` 25 տարեկանից ցածր մարդկանց համար այսօր սոցիալական կայքերը համարվում են հիմնական տեղեկատվության աղբյուր:
«Արդեն մարդկանց մեծ մասը` 97 տոկոսը, օգտվում է համացանցից` տարբեր սոցիալական կայքերից, և այդ սոցիալական կայքերից օգտվում են մեծապես իրենց սմարթֆոնների միջոցով:Մարդկանց 90 տոկոսն էլ այսօր օգտվում է տարբեր հավելվածներից, և նրանք իրենց ժամանակի 79 տոկոսն անցկացնում են` հենց դրանցից օգտվելով»,- ասաց Գժեգոժ Պիխոտան:
Գ. Պիխոտան նկատեց, որ, եթե ժամանակին առավոտյան մարդկանց տեղեկատվության աղբյուրը ռադիոն էր, այժմ անգամ մեծահասակներն առավոտյան արթնանալուց և զարթուցիչն անջատելուց հետո ստուգում են, թե ի՞նչ նորություն կա սոցկայքերում:
Նրա խոսքով` բոլոր կայքերում սկզբում նորությունները վերցվում էին թերթերից, տեսանյութերը՝ հեռուստատեսություններից, բայց հետո առաջ մղվեց բիզնես մոդելը փոխելու խնդիրը, որովհետև ահրաժեշտ էր գումար աշխատել:
Ինչպես բանախոսն ասաց իր խոսքում` Facebook-ն այսօր գրեթե 2 միլիարդ օգտատեր ունի։ YouTube-ը, Messanger-ը, Instagram-ը (և այլն) այն սոցկայքերն են, որոնք ունեն մեծ թվով օգատատերեր: Եվ այդ կայքերը, շնորհիվ թվային գովազդների, մեծ եկամուտ են ունենում: Թվային գովազդի եկամուտների 70 տոկոսը բաժին է հասնում ընդամենը երկու տեխնոլոգիական ընկերությունների՝ Google-ին և Facebook-ին։
«Դա նշանակում է, որ մնացած բոլոր կազմակերպություններին՝ իրար հետ վերցրած, թվային գովազդից հասնում է 30 տոկոս եկամուտ: 2016 թվականին Facebook-ի եկամուտը գովազդներից 27,6 մլրդ դոլար է կազմում»,- ասաց փորձագետը:
Վերջինս իր խոսքում դեպի թվային հարթակների զարգացում տանող ճանապարհի առաջին հատվածը կոչեց բաժանում, երբ մոտ 1600 էջանոց թերթերը դարձան կայքեր` այն մարդիկ, որոնք ուզում էին տեղեկատվության ստանալ, կարող էին այցելել տեղեկատվական կայքեր, իսկ եթե մարդիկ ուզում էին ինչ-որ մարդկանց կարծիքներ կարդալ, ապա կարող էին այցելել նրանց անձնական բլոգներ, և այլն:
«Ամեն դեպքում այս գործընթացը միանգամից այնպես չարեց, որ մարդիկ չկարդան թերթեր, որովհետև նրանք դեռ երկար ժամանակ հավաստի տեղեկատվությունը փնտրում էին հենց թերթերում: Սա նշանակում է, որ գլխավոր նորությունն այն էր, որ այս անցման շնորհիվ ուղղակի տարանջատվեցին գովազդն ու տեղեկատվությունը»,- նշեց Գ. Պիխոտան:
Նրա խոսքով` այսօր շատ մեդիաներ իրենց էջերն ունեն 20-ից ավելի սոցիալական կայքերում, և սա իր հերթին՝ բարդացնում է գործն այնքանով, որ յուրաքաչյուր սոցկայք ունի իր առաձնահատկությունները, և դրանցից յուրաքանչյուրում որևէ բան տեղադրելը տարբեր աշխատանք է թելադրում, օրինակ` հենց ֆորմատները տարբեր են:
Բանախոսը կարևորեց նաև իրական, հավաստի տեղեկատվությունը կեղծից տարբերելը:
«Առաջ շատ հեշտ էր տեսնել, թե ո՞րն է պրոֆեսիոնալ մոտեցմամբ գրված, ո՞րն է հավաստի տեղեկատվություն, բայց այսօր շատ դժվար է ոչ հավաստի և հավաստի տեղեկատվությունը տարբերելը: Այս է պատճառը նաև, որ մարդիկ շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում` ինչ են կարդում, այլ ուղղակի ասում են` Facebook-ում եմ կարդացել: Facebook-ը հեշտացրել է տեղեկատվություն ստանալու խնդիրը: Նա ասում է` կարող եք առանց որևէ կայք մտնելու՝ նույն տեղեկատվությունը կարդալ նաև մեզ մոտ, այդ դեպքում դուք կխուսափեք գովազդներից: Նույն ոճով աշխատում է նաև YouTube-ը»,- հավելեց Գժեգոժ Պիխոտան:
Բայց նրա դիտարկմամբ` իրականում հենց Facebook-ը չի արել այս ամենը, այլ մարդիկ են այնպես արել, որ այն դառնա տեղեկատվության աղբյուրներից մեկը, և բանախոսի խոսքով` եթե տարիներ հետո այն իր տեղը զիջի մեկ այլ սոցկայքի, միևնույն է, մարդկանց մեծ մասը տեղեկատվությունը կնախընտրի ստանալ հենց այդ՝ արդեն նոր առաջատար սոցկայքից:
Գ. Պիխոտան հավելեց նաև, որ լրատվական կայքերն իրենց եկամուտը ստանում են ոչ միայն գովազդների, այլև բաժանորդների միջոցով.
«Սկզբում բոլորը մտածում էին` այդ ո՞վ է բաժանորդագրվելու, որ կարդա, և բնականաբար, այդ բաժանորդագրվողները մեծ գումար են վճարում, բայց հետո հասկացան, որ կան մարդիկ, որոնք նախընտրում են հենց այդպես ստանալ տեղակատվությունը»:
Նրա խոսքով` այսօր անգամ կան կայքեր, որոնք զբաղվում են ուտեստների սպառումով, վաճառքով: Եվ այդ կայքերը նույնպես իրենց եկամուտը ստանում են բաժանորդների միջոցով`օրինակ` բաժանորդը կարող է ընտրել այդ օրվա նախընտրվող ուտեստի բաղադրատոմսը, և իրենց համար կբերեն պահանջվող բաղադրիչները մաքրված, լվացված, կտրատված վիճակում, իսկ բաժանորդին կմնա միայն պատրաստելը: Ի դեպ, բաղադրատոմս իր համար կարող է ընտրել նաև առաջատար որևէ խոհարար, ոչ թե հենց բաժանորդը:
Ինչպես Գ. Պիխոտան ասաց դասընթացի վերջում` այսօր սոցկայքերն օդ ու ջուր են դարձել մարդկանց համար: Եվ այդ սոցկայքերը շատ նման են մարդուն, որովհետև սովորում են իրենց օգատատիրոջը և միանգամից բերում այն ինֆորմացիան, որը նա կնախընտրեր կկարդալ:
Ռոզա Հակոբյան