Կարբի գյուղի աշակերտների ստեղծած հավելվածը հաղթել է միջազգային մրցույթում
Հայաստանի դպրոցական աղջիկների կողմից պատրաստված բջջային հավելվածը հաղթող է ճանաչվել համաշխարհային մրցույթում:
Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հ/կ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի «One Step Ahead» թիմը՝ իր «Armenian Sign Language» բջջային հավելվածով:
Աղջիկները ստեղծել են հավելված, որը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածի միջոցով հնարավոր է ծանոթանալ տարբեր թեմաներով բառերի, ինչպես նաև սովորել թվերը: Հավելվածը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:
Technovation Challenge մրցույթի պաշտոնական էջը գրում է, որ հայ աղջիկների կողմից մշակված հավելվածը կխթանի, որպեսզի հասարակության մեջ փոխադարձաբար ինտեգրվեն թե՛ լսողության հետ խնդիրներ ունեցող, և թե՛ չունեցող մարդիկ:
Կարբի գյուղը ներկայացնող «One Step Ahead» թիմն օգոստոսի 7-11-ը կմասնակցի Համաշխարհային գագաթաժողովին՝ ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում:
Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսում էր 12-շաբաթյա ուսուցում, որն իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր և պատրաստել բջջային հավելված` խնդրի լուծման նպատակով:
Ծրագրի իրականացմանն աջակցել են ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունը, «Յունիքոմփ» ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Սիրարփի Աղաբաբյան