«Ե՛վ Թուքիայի, և՛ Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգն ավելի փոքր է». Արման Նավասարդյան

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Նախիջևանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահական չեն։ Ըստ բանախոսի՝ նրանք ցանկանում են ամեն կերպ աշխատեցնել Մինսկի խմբին.

«Կարծես թե նրանք ինչ-որ մի բանի հասնում են։ Մեր անգործության արդյունքում աշխարհը մեր հանդեպ 7 բանաձև ունեցավ։ 4 հակահայկական բանաձևերը ձևակերպվեցին ՄԱԿ-ում, 3-ը՝ ՆԱՏՕ-ում, և մինչև օրս մենք մեր օգտին գրանցված ոչինչ չունենք։ Աշխարհը չգիտի մեր պահանջը։ Մենք չունենք մի դիրքորոշում, որտեղ դիրքավորված և հաջողության հասած լինենք։ Դեպքերը կզարգանան աշնանը, իսկ դրան հաշված ամիսներ են մնացել։ Կզարգանան, և, ցավոք սրտի, մեր օգտին ոչինչ չենք գրանցի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը երկու կողմից գտնվում է աքցանի մեջ, քանի որ Թուրքիան ունի Եվրոպայում ամենահզոր բանակը, Արևմուտքն էլ մի շարք պատճառներով մեզ չի օգնի։

«Նրանք ուղիղ ամեն կերպ կաջակցեն թուրքերին։ Էրդողանի մտքով ինչ լկտիություն անցնում է, գնում է Եվրոպա ու անում։ Այս պարագայում պետք է բռունցքվենք ազգովի, պետք է նպատակ ունենանք, մենք մենակ ենք։ Այսպես թե այնպես, ցանկացած երկիր սկզբից իր շահի մասին է մտածում»,- նկատեց Գ. Եղիազարյանը։

Կարդացեք նաև

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այս հարցը վերլուծեց աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ նշելով, որ սրանք արդեն երկրորդ խոշոր զորախաղերն են, իսկ առաջին զորախաղերը հետաքրքիր էին նրանով, որ Մևլութ Չավուշօղլուն այդ ենթատեքստում հայտարարություն էր արել՝ քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ բարձր մակարդակի ռազմական համագործակցություն ունի, ուրեմն մենք պետք է ելնելով դրանից՝ Նախիջևանում ստեղծենք ռազմական բազա։

«Հետաքրքիրն այն էր, որ Չավուշօղլուն հղում էր կատարում Ղարսի պայմանագրին, այսինքն՝ մի միջազգային փաստաթղթի, որին Հայաստանը չի մասնակցել։ Նա ասում էր, որ դրա շրջանակներում ռազմական բազայի ստեղծումը կարող էր կատարվել։ Մինչդեռ իրականությունը միանգամայն հակառակն է, որովհետև գլխիվայր են դրված բոլոր փաստերը։ Ըստ այդ պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածների՝ Թուրքիան չի կարող ամրանալ և ռազմական բազա ունենալ, իսկ խախտելու դեպքում կարող են վերանայվել նրա հյուսիսային սահմանները»,- նկատեց պարոն Նավասարդյանը։

Դիվանագետի դիտարկմամբ՝ թուրքերն ու ադրբեջանցիներն անընդհատ փորձում են լարված իրավիճակ ստեղծել։ Նա նշեց նաև, որ Թուրքիայի հարաբերությունները բավականին սրված են ՆԱՏՕ-ի հետ, քանի որ Թուրքիան գնացել է առճակատման Գերմանիայի հետ, որի արդյունքում՝ գերմանացիներն Ինջիռլիքից փորձում են հանել ամբողջ կոնտինգենտը, և, բացի սրանից, ըստ նրա՝ մեծ խնդիրներ կան նաև Կատարի հետ, որովհետև Կատարում  կենտրոնացված է ամենամեծ ամերիկյան բազան, և հիմա Թուրքիան փորձում է մտնել այնտեղ և խաղեր սկսել Կատարի հետ։

«Բնականաբար այստեղ հարց է ծագում՝ իսկ պատերազմի սպառնալիքն այս պահին մե՞ծ է և կախվա՞ծ է Հայաստանի գլխին։ Կարծում եմ, որ Թուրքիան այնքան ժամանակ կարող է նման քաղաքականություն վարել և գնալ կոնկրետ քայլերի, մինչ չլինեն ՌԴ-ի հետ նրա հարաբերությունները։ Եթե նման բան կատարվի, դա կլինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր պատերազմի սկիզբ, որովհետև այստեղ  ոչ միայն Հայաստանի շահերը կարող են վնասվել, այլև Ռուսաստանը չի կարող կորցնել Կովկասը։ Բայց քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա կարծես այնքան էլ վատ չեն, ուրեմն պատերազմի վտանգն ավելի փոքր է և՛ Թուրքիայի կողմից՝ դեպի մեզ, և Ադրբեջանի կողմից»,- հավելեց բանախոսը։

Արման Նավասարդյանի համոզմամբ՝ Նախիջևանի հարցով մենք պետք է ակտիվ գործողությունների դիմենք՝ բարձրացնելով կրկին և կրկին մոսկովյան պայմանագրերի և Ղարսի պայմանագրի հարցը։
«Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է ազգային շահը և անվտանգությունը պահպանելու համար»,- նկատեց պարոն Նավասարդյանը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս