Ինքնաբացարկի միջնորդություն՝ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատավորին

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարանը քիչ անց կհրապարակի  գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը: Գործով ամբաստանյալները ներկայացվել են դատարան, և նրանց դահլիճում ներկաները դիմավորեցին՝ անունները և «մահ ռեժիմին» վանկարկելով:

Գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստի մեկնարկին ասաց, որ դատական կարգադրիչների ստորաբաժանման աշխատակիցների կողմից դատարանին փոխանցվել է, որ պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Տիգրան Հայրապետյանը հրաժարվել են զննության ենթարկելու նպատակով ներկայացնել իրենց մոտ եղած իրերը: Դատավորը, վկայակոչելով ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածը, ասաց, որ դրա համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը, զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը:

Դատավորն ասաց, որ պաշտպանները ևս հանդիսանում են դատարան մուտք գործող անձինք և պարտավոր են ենթարկվել այդ իրավանորմի պահանջներին, զննության նպատակով ներկայացնել իրենց մոտ գտնվող իրերն ու առարկաները, ինչը բխում է դատարանի և նրանց անվտանգության շահերից: Պաշտպանները ցանկացան հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորը նշեց, որ այդ հնարավորությունը կտրվի ավելի ուշ:

Դատարանում ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, թե կասկած ունեն, որ դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք, ինչը կարող է ազդել գործի քննության վրա, ունի համոզմունք, որը չի բխում օրենսդրության նորմերից և գործի փաստերից, այլ հիմնված է այլ հանգամանքների վրա:

Նրա խոսքով՝ քրեական գործը վարույթ է ընդունվել մայիսի 4-ին կայացված որոշմամբ, ապա դատարանը որոշում է կայացրել Ներսես Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, անփոփոխ թողելու մասին, որը պատճառաբանվել է, թե դատարանը գտնում է, որ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ այս քրեական գործը բաղկացած է 36 հատորից և կից մեծածավալ նյութերից՝ տեսանյութեր, ձայնագրություններ, իրեղեն ապացույցներ: Ըստ նրա ՝ դատավորի կողմից այս որոշումները կայացվել են 12 օրվա ընթացքում, որոնցից 5-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, այսինքն՝ դատավորը քրեական գործի նյութերն ուսումնասիրել է 7 օրվա ընթացքում:

Այդ յոթ օրերի ընթացքում, ըստ Արայիկ Պապիկյանի, դատարանը վարույթ է ընդունել և որոշումներ կայացրել ևս 4 այլ քրեական գործերով, այսինքն՝ ուսումնասիրել է նաև այդ քրեական գործի նյութերը, միևնույն ժամանակ՝ անցկացրել է նշանակված 21 դատական նիստեր:

Ըստ նրա՝ հաշվի առնելով քրեական գործի ծավալը՝ ակնհայտ է, որ քրեական գործի դատական քննության նշանակելու որոշումը կայացվել է առանց գործի նյութերի լիարժեք ուսումնասիրման, իսկ Ներսես Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշումը կայացվել է առանց դրա պատճառաբանման:

Բացի այդ, ըստ փաստաբանի՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրման ժամանակ դատավորը պետք է նկատեր, որ 2016թ. նոյեմբերի 16-ից հետո քրեական գործով հավաքված նյութերը՝ 34, 35, 36-րդ հատորները, չեն կարող քրեական գործի մաս կազմել, քանի որ առավելապես կատարվել են անձանց կողմից, ովքեր քրեական գործով դատավարական կարգավիճակ չեն ունեցել. խոսքը վերաբերում է քննիչներին, ովքեր թեև եղել են քրեական գործով կազմված քննչական խմբի կազմում, սակայն 2016թ. նոյեմբերի 16-ից, երբ գործն իր վարույթ է ընդունել միայն քննիչ Հակոբյանը, և այդ գործով քննչական խումբ չի ձևավորվել, այդ անձինք իրավասություն չեն ունեցել մասնակցել որևէ քննչական գործողության, որը կվերաբերեր այս քրեական գործին:

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը միացավ միջնորդությանը` նշելով, որ այս գործը չուսումնասիրված, չհետազոտված գործ է, և դատավորը, չնայած դրան, որոշումներ է կայացրել:

Ըստ նրա՝ չշահագրգռված դիտորդի տեսանկյունից՝ դատավորը չի կարող դիտվել որպես անաչառ դատավոր, որովհետև հնարավոր չէ մի քանի վայրկյանում ուսումնասիրել գործի, այլ գործերի բոլոր նյութերը, արդարացի դատաքննություն իրականացնել.

«Ձեր բոլոր գործողությունները, որ կատարվել են քրեական գործը վարույթ ընդունելուց հետո, ձևական են, արդար դատաքննություն իրականացնելու պատրանք ստեղծելու համար են»:

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանում տիրող աղմուկի հետևանքով լսելի չէր, թե ինչ հիմքով է նա առարկում:

Տեսանյութեր

Լրահոս