WWDC 2017. Apple-ի ամենամասշտաբային ցուցադրություններից մեկի նորությունները
WWDC ցուցադրությունների ընթացքում Apple-ը սովորաբար ներկայացնում է ծրագրային ապահովումների թարմացումները, սակայն այս տարի ցուցադրությունը շատ մասշտաբային էր, և ներկայացված էին նաև նոր սարքավորումներ:
Առանձնացրել ենք ներկայացված գադջետներից և ծրագրային ապահովումներից ամենահետաքրքիրները:
HomePod խելացի ձայնային համակարգ
Երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ ընկերությունը ներկայացնելու է Google Home-ի և Amazon Echo-ի պատասխանը: Այժմ արդեն այս նորությունը պաշտոնապես հաստատված է:
Apple-ը ներկայացրել է ձայնային օգնականի իր տարբերակը:
Համակարգի վրա տեղադրված է 6 բարձրախոս, որոնք նախատեսած են, որպեսզի համակարգը՝ Siri-ն, լավ տարբերի օգտատերերի ձայները:
Համակարգն ակտիվանալու է արդեն բոլորին լավ ծանոթ «Ողջույն, Siri» հրահանգով:
Համակարգը կարող է պատասխանել բարդ երաժշտական հարցերի, օրինակ՝ ինչպե՞ս է խմբի անդամներից մեկի անունը, ո՞ր երգն էր 2011 թվականի հիթը, խմբում ո՞վ է նվագում հարվածային գործիքների վրա, և այլն:
Siri-ին կարող եք հարցնել նաև եղանակի, երթևեկության, մարզական միջոցառումների մասին:
Եթե ձեր տանը տեղադրված է HomeKit համակարգը, ապա HomePod-ի միջոցով կարող եք կարգավորել վարագույրները, լուսավորությունը և օդորակման համակարգը:
Նոր iPad
Երկար ժամանակ տեղեկություններ էին տարածվում նաև նոր iPad-ի մասին: Այս շշուկները ևս հաստատվեցին:
Ընկերությունը ներկայացրեց նոր iPad Pro-ն՝ 10,5 դույմով: Այս պլանշետը կշռում է 450 գրամ:
Գադջետի էկրանը ստեղծված է ProMotion համակարգով: Լուսավորությունն ու էկրանի մաքրությունն ավելի մեծ են, քան նախորդ գադջետների դեպքում: Բացի այդ, էկրանի լուսավորությունը փոխվում է՝ հաշվի առնելով այն նյութը, որ դիտում եք:
Նոր iPad-ը կարող է ակտիվ ռեժիմում աշխատել 10 ժամ:
Ընկերությունը թողարկել է նոր մոդելը մեծ քանակով: Հիմա երկու՝ 10,5 և 12, 9 դույմանոց տարբերակներն էլ ունեն 64 GB հիշողություն:
Գադջետի ամենաէժան տարբերակն արժե 649 դոլար, իսկ ամենաթանկը՝ 1099 դոլար:
iOS 11
Apple-ի երկրպագուների համար մեկ այլ ուրախալի նորություն էր օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, որում ներդրված են մեքենայական ուսուցման ակտիվ հնարավորությունները:
Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել հատկապես Siri-ին: Հիմա խելացի օգնականը կարող է շփվել 21 լեզուներով և հասանելի է 36 երկրներում: Բացի այդ, համակարգն աշխատում է արդեն ոչ միայն կնոջ, այլև տղամարդու ձայներով: Նոր շեշտադրումները Siri-ին դարձրել են մարդուն ավելի նման:
10 տարվա մեջ առաջին անգամ թարմացվել է App Store-ի դիզայնը:
Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակում կարևոր նորություն է նաև փաստաթղթերը պահպանելու նոր համակարգը: Սա Box-ի և iCloud-ի նման ամպային համակարգ է, որը հնարավորություն է տալիս նոր ֆայլեր ավելացնել, ստեղծել թղթապանակներ, և այլն:
Հուլիսի վերջին հասանելի կլինի iOS 11-ի բետա տարբերակը, իսկ օպերացիոն համակարգի ամբողջական տարբերակը հասանելի կլինի աշնանը:
watchOS 4
Apple Watch-ի օպերացիոն համակարգում հայտնվել են նոր աշխատանքային սեղաններ: Դրանց և մեքենայական ուսուցման համակարգերի շնորհիվ տեղեկատվության հաղորդումը գլխավոր էկրանին կատարվում է մեխանիկորեն:
Բացի այդ, ժամացույցները կկարողանան փոխանակվել տեղեկատվությամբ ֆիտնես-կենտրոններում տեղադրված սարքավորումների հետ՝ NFC-ի միջոցով:
tvOS
Ընկերությունը ներկայացրեց Amazon Prime Video-ի անոնսը՝ tvOS-ի համար: Շուտով Apple TV-ի օգտատերերը կկարողանան դրա միջոցով դիտել ֆիլմեր և սերիալներ:
Սիրարփի Աղաբաբյան