Բաժիններ՝

«Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունը, հետո էլ մեր և հարևան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել»

Գյումրիում բնակվող ընդհանուր վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղից է: Բերդաձորը գտնվում է հինգ տարբեր գյուղերի մեջտեղում: Հարազատ գյուղի աշխարհագրական դիրքը եւ բժիշկների բացակայությունն են առիթ դարձել, որ Բաբկեն Նասիբյանը 1966-67 թվականներին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, որոշել է ընդունվել Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: Այս մասին գրում է asparez.am-ը։

«Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունը, հետո էլ մեր եւ հարեւան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել՝ ինքս բժիշկ դառնալով»,-վերհիշելով տարիները՝ պատմում է բժիշկ Նասիբյանը:

Բժիշկը պատմում է, որ ուսումնառությունից հետո չի կարողացել վերադառնալ հայրենի գյուղ, քանի որ զորակոչվել է սովետական բանակում ծառայելու: Բ.Նասիբյանը ծառայել է հակաօդային պաշտպանության բրիգադայում՝ որպես բուժկետի բժիշկ:

«Անձնական կյանքս այնպես դասավորվեց, որ բանակից հետո եկա եւ Լենինականում աշխատեցի, քանի որ սիրածս աղջիկը, որը դարձյալ բժշկուհի էր, արդեն այստեղ էր աշխատում: Մենք ամուսնացանք, կազմեցինք ընտանիք, ունեցանք երեք արու զավակ, ովքեր ամուսնացել են եւ մեզ պարգեւել վեց թոռնիկ»,-ասում է բժիշկը:

Բաբկեն Նասիբյանն աշխատել է Լենինականի եւ Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում: Սիրված ու հարգված վիրաբույժն այսօր աշխատում է «Գյումրի» բժշկական կենտրոնում՝ իր երկու որդիների հետ միասին, ովքեր նորից ընտրել են ընդհանուր վիրաբույժի մասնագիտությունը:

Բ. Նասիբյանն ասում է, որ բժշկի ընտանիքում ապրելն հաճելի է, որովհետեւ ընդհանուր հետաքրքրություն առաջացնող թեմաներ հաճախակի են լինում:

«Ընդհանուր վիրաբույժի աշխատանքային գործունեությունը հատկապես անհետաձգելի վիրաբուժության բնագավառում ծանր է եւ խիստ պատասխանատու: Ես կասեի՝ հիվանդը ճակատամարտ է հիվանդության եւ վիրաբույժի միջեւ, որտեղ ճակատամարտի արդյունքի վրա ուղղակի եւ անուղղակի ազդող բոլոր գործոնների մեջ հատկապես մեծ նշանակություն ունի վիրաբույժի անհատական որակը»,-նշում է բժիշկ Նասիբյանը եւ կարեւորում, որ հիվանդ-բժիշկ հարաբերություները պետք է լինեն անմիջական:

«Եթե վիրաբույժը կարողանում է ժամանակին ախտորոշել հիվանդությունը, ճիշտ նախապատարաստել հիվանդին վիրահատական միջամտության, բժշկի տակտիկական գրագիտության աստիճանը թույլ է տալիս ճիշտ լուծել վիրահատական միջամտության ծավալի ընտրության հարցը եւ այն ունի տեխնիկապես ճիշտ վարել վաղ հետվիրահատական փուլը: Պահպանելով բժիշկ-հիվանդ հարաբերության ընդունված նորմերը՝ հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս: Եթե վերոնշյալ թվարկվածը չի պահպանվում, ապա տեղի է ունենում ճիշտ հակառակը»,-ասում է բժիշկը եւ նշում, որ հիվանդի կյանքը փրկելուց յուրաքանչյուր բժիշկ հպարտություն է զգում:

«Պատկերացրեք, որ հիվանդն ունի փոքրահասակ երեխաներ, որոնց միակ կերակրողը ինքն է եւ նրան բերել են ծանր վիճակով, բարդացած է հիմնական հիվանդությունը եւ ունի մի շարք ուղեկցող հիվանդություններ: Պարզ է, որ նման հիվանդին բուժելու դեպքում արդարացիորեն իրավունք ունես հպարտանալու եւ ուրախանալու, իսկ այն դեպքերում, երբ անհաջողություն է լինում, երկար է տեւում նրա բուժումը, ընթացքը բարդանում է եւ առավել եւս այն վերջանում է անցանկալի ելքով՝ դա թողնում է անջնջելի ու տանջալից հետք բժշկի հիշողություններում»,-ասում է տարիների փորձ ունեցող վիրաբույժը:

Սուրեն Համբարձումյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս