«Իմ երեխեն, փառք Աստծո, էնքան շնորհք ունի, որ «Փյունիկի» նման 5 հատ թիմ կարա պահի, ուղղակի մեզ պետք չի». Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մամուլում վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե վաճառել է «Փյունիկ» ակումբն ու պատրաստվում է լքել Հայաստանը։
«Իսկ առաջինը որտե՞ղ է գրվել այդպիսի բան։ Նույն մամուլը մի օր գրում է, որ ես զբաղվում եմ նարկոբիզնեսով, մի օր՝ կանանց վաճառքով։ Նա, ով գրում է, հենց նա է դասալիքը։ Ես դասալիք չեմ լինի։ Եթե ուսումնասիրեք` ես ինչով եմ զբաղվում վերջին 10 տարում, կհասկանաք, որ ամուր կանգնած եմ իմ հողի վրա և հաստատ չեմ լքի իմ երկիրը»,- ասաց Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ միշտ ասել է` եթե լինի մարդ, ով պատրաստ է պահել «Փյունիկը», ինքը պատրաստ է նույն պահին ակումբը հանձնել նրան։
«Վերջին ժամանակներում հայտնվեց այդ մարդը, և նա ինձ հավատ ներշնչեց։ «Փյունիկն» արժեք է հայկական ֆուտբոլի համար։ Հանձին այդ անձնավորության՝ գտա, որ այդ մարդը սրտացավ կպահի ակումբը։ Հակառակ դեպքում` ես միշտ սխալ եմ գտել, որ ֆեդերացիայի նախագահն ակումբ ունենա։ Ով գրում է, որ «Փյունիկը» վաճառվել է, թող նա էլ գրի, թե ինչ գին է տվել»։
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե «Փյունիկի» ղեկավարը Ռուբեն Հայրապետյանի որդին է և չի կարողանա առանց հոր՝ ակումբը ճիշտ կառավարել, ինչի համար էլ հայրը դա վաճառում է ու որդու համար «Հարսնաքար» ռեստորանային համալիրին և Ֆուտբոլի ակադեմիային հարող տարածքում ևս մեկ ռեստորանային համալիր է կառուցում, որպեսզի տղային անգործ չթողնի, նա այսպես արձագանքեց. «Եթե իմ մասին շատ բաներ հանդուրժում եմ, ապա իմ երեխեքի հետ գործ չունեն էդ մարդիկ, հեռու թող պահեն իրենց։ Իմ երեխեն, փառք Աստծո, էնքան շնորհք ունի, որ «Փյունիկի» նման 5 հատ թիմ կարա պահի, ուղղակի մեզ պետք չի։ Կամ ես պետք է ֆեդերացիայից դուրս գամ, կամ «Փյունիկը» հանձնեմ, դա է մեր խնդիրը եղել. որոշումը կայացվել է՝ ես մնում եմ ֆեդերացիայում, «Փյունիկը» հանձնում եմ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Փյունիկի» նոր սեփականատերը նշել էր, որ առաջիկա 3 տարում թիմն ամեն ինչ պիտի անի, որ նվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, իրատեսական համարո՞ւմ է։
«Նոր սեփականատերը հայրենասեր տղա է, և շատ իրատեսական է նրա ասածը»,- պատասխանեց նա։
Լրագրողը փորձեց հարց ուղղել Հայրապետյանի և ՀԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հարաբերությունների մասին, սակայն նա ընդհատեց. «Իսկ ո՞վ է Հրաչյա Ռոստոմյանը։ Ներեցեք, բայց փոխեք հարցը, ես չեմ ճանաչում նրան»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում