Քլինթոնը գտնում է, որ Թրամփի նախագահությունը կարող է ավարտվել խայտառակությամբ և իմպիչմենտով
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ներկայությունը նախագահի պաշտոնում կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով: Ինչպես փոխանցում է TASS-ը, նման կարծիք նա հայտնել է Մասաչուսեթսում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփին չանվանելով անունով՝ Քլինթոնն ընդգծել է, որ նրա նախագահությունը «կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով արդարադատությանը խոչընդոտելուց հետո, երբ նա պաշտոնից հեռացրեց մարդու, ով իր նկատմամբ հետաքննություն էր վարում»:
Քլինթոնը նկատի է ունեցել Ջեյմս Կոմիին, որին նախագահ Թրամփը մայիսի 9ին հեռացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից՝ Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի և նրա տեղակալ Ռոդ Ռոզենստայնի խորհրդով: Թրամփն իր որոշումը բացատրել էր նրանով, որ Կոմին, ով պաշտոնում նշանակվել էր Բարաք Օբամայի կողմից 2013 թվականին, անկարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթները: