
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է Էրդողանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բրյուսելյան հանդիպումից առաջ անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա գերմանական պատգամավորների մուտքը արգելելու հարցին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները գերմանացի պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա, մեզ կարող է ստիպել լքել այդ ռազմաբազան»,- ասել է Գերմանիայի վարչապետը:
«Ես այս ամենը բացահայտ ասելու եմ Էրդողանին, քանի որ մենք ունենք խորհրդարանական բանակ: Մեր պատգամավորները պետք է այցելեն մեր զինվորներին: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք լքել Ինջիրլիքը: Այցելությունները գերմանական բանակի գործունեության համար շատ կարևոր են»,- հավելել է Մերկելը:
Էրդողանն էլ Բրյուսելյան այցից առաջ, խոսելով այս թեմայից ասել էր, որ եթե գերմանացիները որոշեն լքել ռազմաբազան, ապա դա Թուրքիայի համար կարևոր խնդիր չի ստեղծի:
«Եթե նրանք ցանկանան լքել ռազմաբազան, դա մեզ համար լուրջ խնդիր չի ստեղծի, մենք միայն կասենք ցտեսություն և վերջ»,- ասել էր Էրդողանը: