
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթերում ահաբեկչության ենթադրյալ հեղինակի եղբորը

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն իրականացրած ենթադրյալ ահաբեկիչ Սալման Աբեդիի եղբորը: Այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը:
Իսմայել Աբեդիի ձերբակալության լուրը հաստատել է նրա հայրը՝ Ռամադան Աբեդին: Նա հայտարարել է, որ իր որդին՝ Սալմանը, որևէ կապ չունի իրականացված ահաբեկչության հետ և առնչություն չունի ահաբեկչական խմբավորումների հետ:
«Մենք չենք ընդունում անմեղ մարդկանց սպանությունները: Մենք այդպիսին չենք»,- ասել է Աբեդին՝ պատմելով, որ այդ օրը հեռախոսով զրուցել է որդու հետ և վստահեցրել, որ անսովոր ոչինչ չի նկատել: Նա հայտնել է, որ Սալման Աբեդին պատրաստվում էր այցելել Սաուդյան Արաբիա, այնուհետև՝ Լիբիա, որպեսզի մուսուլմանների համար սուրբ Ռամադանի ամիսն անցկացներ ընտանիքի հետ:
Մանչեսթերի ոստիկանության ղեկավար Յան Հոփկինսն ընդգծել է, որ ոստիկանությունը հետաքննում է հանցագործություն, որը իրականացրել է հանցավոր խմբավորում: Նա հայտնել է, որ այս պահին հսկողության տակ է 4 անձ: