Կառավարության նոր կազմը ՀՀԿ-ն կքննարկի մայիսի 25-ին

Առաջիկա հինգշաբթի օրը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության թարմացված կազմը։ Այս մասին 168.am-ի զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Վարչապետն արդեն նշանակվել է, մնացածն էլ օրենքով սահմանված կարգով կնշանակվեն կամ կվերանշանակվեն, և օրենքով սահմանված կարգով ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, որպեսզի մենք հաստատենք»,- ասաց նա։

Է.Շարմազանովը հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, թե փոխվելու են ՀՀ առողջապահության ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները։

Կառավարության ծրագրի վերաբերյալ նա նշեց, որ ՀՀԿ-ն իր ծրագիրը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում, իսկ դրանից հետո իշխանության երկարաժամկետ ռազմավարությունն ու անելիքներն ԱԺ-ում իր ուղերձում ներկայացրել է ՀՀ նախագահը՝ ախտորոշում ու գնահատական տալով բոլոր ոլորտներին։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսում էր «2040թ. թիրախային ցուցանիշների» մասին, ինչը որոշակի քննադատությունների տեղիք տվեց, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ ելույթն էականորեն տարբերվում է շատ ելույթներից, նոր մտածողություն է բերում մեր քաղաքական համակարգ, լավ իմաստով նոր խոսք է, որովհետև պատմության մեջ, քաղաքականության մեջ հաջողում են այն պետությունները, որոնք իրենց առջև դնում են ոչ թե 5-10 տարվա ծրագիր, այլ դնում են երկարատև ռազմավարություն»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցվելու է Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի՝ նախարարների թիվը պետք է լինի 18-ը։ Այսօր գործադիրում նախարարները 19-ն են։ Կրճատվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի քաղաքական պաշտոնը, որը զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը: Ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը, Դ.Հարությունյանը նոր կառավարությունում զբաղեցնելու է արդարադատության նախարարի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս