«Բանակցային սեղանին դրված են «Մադրիդյան սկզբունքները». այլ փաստաթուղթ չկա». Ալեքսանդր Իսկանդարյան

«Հասկանալի է, որ սեղանին դրված են «Մադրիդյան սկզբունքները». այլ փաստաթուղթ չկա։ Մինսկի ամբողջ գործընթացը հենց այդ սկզբունքների շուրջ է ընթանում, և որևէ նոր բան որևէ նախագահ չի ասել։ Ադրբեջանի նախագահն ուղղակի դա ասել չի կարող, այնտեղ ուրիշ իրավիճակ է, իսկ Հայաստանի նախագահն ասում է, և առաջին անգամ չի ասում։ Սա՝ ֆորմալ տեսանկյունից։ Մյուս կողմից՝ կոնֆլիկտի կարգավորման որևէ հնարավորություն գոյություն չունի, մենք չենք գտնվում այն փուլում, որ դրա մասին կարողանանք լուրջ խոսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այս պահին բանակցային գործընթացում որևէ գործընկեր չունի. «Եվ եթե անգամ դատենք եռակողմ հանդիպումներով, այդ բոլոր հանդիպումների ժամանակ կարգավորման մասին չի խոսվում, այլ փորձեր են արվում՝ վերահսկման մեխանիզմներ տեղադրել շփման գծում։ Հետևաբար՝ «Մադրիդյան սկզբունքների» մասին խոսել պետք է, քանի որ այդ փաստաթուղթն է դրված սեղանին, բայց կարգավորման ռեալ հնարավորություններ չկան»։

Խոսելով շփման գծում իրավիճակի մասին՝ նա ասաց, որ ուժեղ բռնկումներ այնտեղ չկան. «Այն, ինչ կատարվում է, միջին մակարդակի վրա է, և ոչ մի գերբնական բան այնտեղ չի կատարվում»։

Ըստ նրա՝ Ադրբեջանում այս պահին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում. «Ֆինանսատնտեսական պրոցեսի արդյունքում սկսվել է կոնֆլիկտ՝ էլիտայի ներսում։ Այսինքն՝ այն, որ այնտեղ հայտնաբերել են լրտեսների, որ մարդկանց սպանում են, բանկերից մեկը գրեթե սնանկացել է, որ Ադրբեջանի էլիտաներից շատերը հնարավորություն չունեն այնտեղ վերադառնալ, այս ամենը ներկլանային համակարգում տեղի ունեցող պայքարի մասին են վկայում»։

Տեսանյութեր

Լրահոս