Ոստիկանական ուժերը Կաննի փառատոնային կենտրոնից այս պահին բոլորին տարհանում են
Այս պահին ֆրանսիական ոստիկանական ուժերն ու սակրավորներն աշխատում են Կաննի կինոփառատոնի գլխավոր կենտրոնում՝ Palais De Festival, որտեղից բոլորին տարհանում են՝ հորդորելով պատշաճ հեռավորություն պահպանել փառատոնային կենտրոնից, իսկ կառույցի ներսից դուրս են հրավիրվում այնտեղ մնացած մասնակիցները:
Դժվար է կռահել` ի՞նչ ահազանգ է հնչել, սակայն լարվածության որոշակի չափաբաժին կա, իսկ անվտանգության բոլոր նորմերն այս պահին խիստ որոշակիացված են: Փառատոնի գլխավոր կենտրոնում հատուկ վարժեցրած շների օգնությամբ փորձ է արվում հասկանալ իրավիճակը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Լազուրի ափին արդեն չորրորդ օրն է` մեկնարկել է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը՝ այստեղ հավաքելով համաշխարհային կինեմատոգրաֆի հսկաներին: Դեռ փառատոնի մեկնարկից առաջ տեղեկացվել էր այն մասին, որ այս տարի փառատոնն անցնում է ֆրանսիական իշխանությունների կողմից նախաձեռնած անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:
Կաննի փողոցներում ամենուրեք սահմանված ոստիկանական հերթափոխը ամեն քայլափոխի է: Առավել ուժեղացված պայմաններում է հսկվում հատկապես փառատոնային կենտրոնը, հարակից տարածքները՝ նույնպես: Գլխավոր փառատոնային կենտրոն մուտք ունեն բացառապես միայն հավատարմագրվածները՝ անձը հաստատող անցաթղթով:
Palais De Festival-ի մուտքը հսկող ոստիկանական խումբը անհատական զննության է ենթարկում տարածք մտնող յուրաքանչյուր այցելուի, որոնք պետք է անցնեն խիստ հսկվող անվտանգության գոտիով՝ հնարավորինս անվտանգ փառատոնային տոն պարգևելու այս քաղաք ժամանած հյուրերին ու այցելուներին:
Կանն-Երևան