«Ադրբեջանը կրակի հետ է խաղում». Դավիթ Բաբայան

«Ցավոք, զոհ ունենք, սա անդառնալի կորուստ է, ինչպես և ցանկացած զոհ։ Պարզապես Ադրբեջանը կրակի հետ է խաղում։ Այսպիսի պահվածքը, այսպիսի լկտի, անհարգալից վերաբերմունքի ցուցաբերումը միջազգային հանրության նկատմամբ, կարծում եմ՝ անպատասխան չպետք է մնա։ Շուտով կարելի է ակնկալել, որ այսպիսի պահվածքի շարունակության դեպքում լինելու են ավելի կոշտ և ավելի ցավոտ քայլեր Ադրբեջանի նկատմամբ. հուսով ենք, որ այդպես է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի 18-ին հանդես էին եկել հասցեական՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ։ Հայտարարությունից հետո, սակայն, Ադրբեջանը կրկին շարունակեց լարված իրավիճակներ ստեղծել շփման գծում։ Իսկ այսօր ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից հետո Ադրբեջանից հիստերիկ արձագանք ակնկալում էին. «Մենք ասել ենք, որ նրանց արձագանքը հիստերիկ է լինելու, նրանք չէին կարող այդ հայտարարությունը լավ ընդունել, որովհետև հարցը գնում է ալիևյան կլանի իշխանության, իրենց այդ թալանը շարունակելու մասին, և ցանկացած վախի դրսևորում կամ անհանգստացում՝ առնվազն հրապարակային ձևով, ժողովրդի կողմից կարող է ընդունվել՝ որպես ալիևյան կլանի թուլություն և վախկոտություն։ Թեպետ իրոք նա թույլ և վախկոտ է, բայց այդ կաշառակերությունը, երբ նա կաշառում է տարբեր մարդկանց, կարծես իրենց մի քիչ ուժ է տվել։ Սակայն,  ինչպես երևում է, արդեն այդ գործընթացը լուրջ խոչընդոտների է հանդիպում, և նման արդյունավետությամբ չի կարողանալու շարունակվել»։

Տեսանյութեր

Լրահոս