«Եթե հայերի փոխարեն հրեաները լինեին, ապա արդեն մեկ շաբաթ անց Թուրքիայի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեին». Արեգ Գալստյան
Պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը (Ռուսաստան) այսօրվա ասուլիսին անդրադառնալով Էրդողանի թիկնապահների Ամերիկայի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց, որ դա նորություն չէր.
«2006 թ. նմանատիպ միջադեպ եղավ, երբ Թուրքիայի արտգործնախարարի թիկնապահներն ու թուրք քաղաքացիները ճնշեցին հայերի բողոքի ակցիան։ Դրան պետք է կոշտ պատասխան տալ։ Առաջին հերթին՝ հարկավոր է ԱՄՆ Կոնգրեսի առաջ բարձրացնել այն հարցը, որ այլ երկրի ներկայացուցիչները ձեռք են բարձրացրել ԱՄՆ քաղաքացիների վրա։ Սխալ է այն, որ ասում են, թե թուրքերը կռվել են հայերի հետ։ Այլ երկրի ներկայացուցիչները հարձակվել են ԱՄՆ քաղաքացիների վրա, և ինֆորմացիոն դիսկուրսը հենց այս ուղղությամբ պետք է տանել»։
Նրա խոսքով՝ եթե անգամ այդ մարդիկ կարծում են, որ իրենք ավելի շատ հայ են, քան ամերիկացիներ, դա խնդիր չէ, պետք է Կոնգրեսի առաջ այդ խնդիրը բարձրացնել.
«Իսկ Կոնգրեսը նրա համար է, որ պաշտպանի Ամերիկայի քաղաքացիների հետաքրքրությունները։ Հետևաբար, այս հարցը բարձրացրեք ձեր կոնգրեսմենի մոտ, այնպես արեք, որ հստակ հայտարարություններ արվեն, որ ընդունվեն այդ քայլերը դատապարտող համապատասխան որոշումներ։ Եթե հայերի փոխարեն հրեաները կամ իռլանդացիները լինեին, ապա համոզված եմ, որ արդեն մեկ շաբաթ անց Թուրքիայի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեին»։
Ըստ Ա. Գալստյանի՝ ստացվում է, որ մարդիկ սահմանադրորեն իրենց կարծիքն են արտահայտում, դրա համար նրանց վրա հարձակվում են, ծեծի ենթարկում.
«Հարձակվողը պետությունն է, որովհետև այդ մարդիկ պետության ներկայացուցիչ են, դա նույնն է, որ Թուրքիան հարձակվի ԱՄՆ-ի վրա և հեղինակությանը վնասող հարված հասցնի։ Հետևաբար՝ արձագանքեք։ Ի դեպ, նման հայտարարություն արդեն եղավ, բայց դա որևէ կապ չունի հայկական Սփյուռքի գործունեության հետ. Ջոն Մաքքեյնը հայտարարեց, որ իրենց քաղաքացիների վրա հարձակվել են այլ երկրի նախագահի թիկնապահները, այն էլ՝ իրենց տարածքում։ Հիմա, եթե մեր Սփյուռքը ցանկանում է ցույց տալ իր ամբողջ ուժը, թող բոլոր ռեսուրսներն ուղղի այս հարցի վրա և հասնի նրան, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։ Դա լրիվ օրինական է»։