«Մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի և ընտրողների առջև». Գևորգ Գեորգիսյան
«Մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի և ընտրողների առջև: Մենք վերջին 2 ընտրություններից հետո էլ հայտարարությամբ հանդես եկանք և հստակ նշեցինք, որ, այո՛, տեղամասերում մեր վստահված անձանց հաջողվել է պահպանել մեզ տրված ամեն քվե: Բայց 2 դեպքում էլ մենք բացահայտեցինք խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա և որոնց բացահայտման պարագայում ԿԸՀ-ն պարտավոր էր որակազրկել Հանրապետական կուսակցությանը, ինչը չարվեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը:
Թե ինչո՞ւ այսօր առավոտյան նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստի մեկնարկը «Ելքը» բոյկոտեց, Գեորգիսյանը պատասխանեց, որ քաղաքական որոշում էր կայացվել` իրենց վերաբերմունքը հայտնելու այս ամենին. «Բայց ժողովրդի մեզ տրված ձայնը պահպանվել է, և մենք այստեղ ենք` ժողովրդի ձայնը ներկայացնելու: Մեր մանդատը մեզ տվել է մեր ընտրողը»: