«Հարգելի՛ լրագրողներ, մի՛ բզբզացեք». Արմեն Աշոտյան

«Ազգային ժողովին այսօր տրված է պատմական շանս, ինչի մասին խոսեց նաև նախագահը` ասելով, որ առաքելությունների բաշխման տեսակետից այլևս ԱԺ-ի դերակատարությունը դժվար է գերագնահատել, հատկապես` 2018 թ. սահամանդրական բարեփոխումների շրջադարձային փուլը թևակոխելուց հետո ԱԺ կշիռը, հետևաբար` յուրաքանչյուրիս պատասխանատվությունն այստեղ շատ ավելի մեծ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա գոհունակություն հայտնեց ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և նշեց, որ հպարտությամբ է մուտք գործել ԱԺ: Ըստ նրա` քաղաքական վերընթացներն առջևում են, ԱԺ դերակատարությունը մեր երկրում վերագնահատվում է, իսկ ինքն իր տեղը միշտ գտել է ղեկավար մարմիններում. «Ես շատ գոհ եմ, որ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, ես շատ գոհ եմ ընտրություններում մեր կուսակցության արդյունքներից, ես շատ գոհ եմ ԱԺ ընդհանրական կազմից»:

Ի պատասխան հարցի, թե ո՞վ է մեր արտաքին թշնամին, Ա.Աշոտյանը ցիտեց նախագահի խոսքը. «Մեր թիվ մեկ թշնամին անարդարությունն է»:

Հարցին, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցությունից դուրս մյուս կուսակցությունները բզբզում են, այդ ՀՀԿ-ն է բզբզո՞ւմ, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Ես օգտագործեմ իմ խորհրդարանական գործընկերների բառապաշարը և խնդրեմ ձեզ, հարգելի՛ լրագրողներ, մի  բզբզացեք»:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում այսօրվա դիրքադրումները ժամանակավոր են և հիմնական փոփոխությունները լինելու են 2018թ-ից հետո, Ա.Աշոտյանը պատասխանեց, որ քաղաքական պրոցեսն իրականում դինամիկ է.

«Քաղաքական գործընթացները ՀՀ-ում պայմանավորված են նախ ներքին զարգացումներով և պատասխան պետք է լինեն արտաքին մարտահրավերներին: Ինչպիսին կլինի արտաքին և ներքին միջավայրը, այդպես էլ կլինի Ազգային ժողովը: Կարևորը նա է, որ ԱԺ-ն շարունակի մնալ հասարակության, սոցիալական, հումանիտար խնդիրների հոգսերի հայելին»:

Տեսանյութեր

Լրահոս