Բաժիններ՝

Կես ժամվա ընթացքում դիրքերը հետ վերցրեցինք. Սամվել Կարապետյան

Ներկա դրությամբ հրադադարն Ադրբեջանին ձեռնտու է, 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ: Այս մասին «Հետքին» տված հարցազրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

– Պարոն գեներալ, ի՞նչ էր կատարվում ապրիլի 2-ին, Դուք որտե՞ղ էիք:

– Գիշերվա ժամը 3.30-ի կողմերը, երբ շտաբի օպերատիվ հերթապահը զանգեց (դա երկրորդ զանգն էր), ես արդեն պատրաստվում էի դուրս գալ: Մեքենան սպասում էր: Ինձ մոտ զգացողություն կար, որ սա հերթական դիվերսիոն գործողությունը չէ: Մեքենայի մեջ, նոր տեղեկություններ ստանալուց հետո, հասկացա, որ պատերազմ է: Ներկայանալով բանակի հրամանատարին՝ իրավիճակի շուրջ որոշ պարզաբանումներ կատարելուց հետո առաջարկեցի մեկնել հյուսիս` Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այնտեղ լուրջ վտանգ կար: Երբ հասա Մարտակերտ և հրամանատարական կետն զբաղեցրի, տղաները կարծես թե չէին զգում, որ առջևում լուրջ առճակատում է սպասվում… Այդ ընթացքում հակառակորդի հրետանին արդեն սկսեց աշխատել Մարտակերտի ուղղությամբ: 30 րոպե հետո զեկուցում են, որ հակառակորդը մտել է 116 և 118 դիրքեր: Զորամասի հրամանատարը, իր տրամադրության տակ եղած ուժերը վերցնելով, իսկույն մեկնում է գործողության վայր, իսկ հրետանու պետի առաջ խնդիր դնում կրակ բացել այդ դիրքերի վրա: Արդեն հայտնի էր, որ մենք այնտեղ զոհեր ունենք, տղաները հետ չեն քաշվել, կռվել են մինչև վերջ: Միայն մեկ հոգի էր կենդանի մնացել, ով վաշտի հրամանատարի հրամանով գնացել էր դիրքից 300 մ հեռավորության վրա գտնվող պահեստավայրից զինամթերք բերելու: Բայց երբ նա հետ է վերադարձել, դիրքերն արդեն հակառակորդի կողմից գրավված էին: Գալով հրամանատարական կետ՝ նա վերադասին զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին: Տեղում որոշում ենք կայացնում հրետանային կրակի օժանդակությամբ և տանկային վաշտի ներգրավմամբ անցնել հակագրոհի: Կես ժամվա ընթացքում դիրքերը հետ ենք վերցնում: Միայն այդ մարտում հակառակորդը, տալով մոտ 4 տասնյակ զոհ, որից 28-ը մնացել էր մեր հսկողության տակ գտնվող դիրքում, փախուստի է դիմում և թաքնվում մեր դիրքերից 250 մետր հեռավորությամբ գտնվող իրենց խրամատում: Զորամասը պահպանությունից անցնում է մարտական պաշտպանության: Դրանից հետո նրանք սկսում են հրետակոծել Մարտակերտը:

– Հետո այդ հատվածում նրանք նորից հարձակում ծավալեցի՞ն:

– Պարզ էր, որ նրանք նոր հարձակում են սկսելու այդ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց մերոնք զեկուցեցին, որ հակառակորդի տանկային գումարտակը շարժվում է 4-րդ և 5-րդ պաշտպանական շրջանների հատման հատվածի` Սեյսուլանի ուղղությամբ: Դրանց առաջխաղացումը կանգնեցնելու համար մեր հրետանին սկսեց աշխատել: Տեսնել էր պետք, թե ինչպես էին խոցվում հակառակորդի դիրքերն ու զրահատեխնիկան:

Պաշտպանական գործողությունները հաջող էին ընթանում նաև մարտագծի հյուսիսային ուղղությամբ: Չնայած Թալիշի հատվածում մերոնք սկսել էին հետ վերցնել կորցրած դիրքերը, բայց ադրբեջանցիները հայտարարում էին, որ Թալիշը, Մատաղիսը և Սեյսուլանը վերցրված են: Որ Թալիշի և Սեյսուլանի ուղղությամբ, իրոք, մարտեր էին ընթանում, դա արդեն մեզ հայտնի էր: Բայց ահա Մատաղիսի մասին լսելով՝ մենք կռահեցինք, որ թշնամին մտադրություն ունի գրոհել նաև Մատաղիսը: Դրանից ելնելով՝ մենք զեկուցեցինք բանակի հրամանատարին, որը որոշում ընդունեց ուժեղացնել 5-րդ ՊՇ-ի ձախ թևի դիրքերի պաշտպանությունը` այնտեղ տեղափոխելով հակատանկային միջոցներ: Այս քայլով ամբողջությամբ փակվեց հակառակորդի առաջխաղացման հնարավորությունը Մատաղիսի ուղղությամբ:

– Ապրիլյան պատերազմը ի՞նչ դասեր տվեց մեզ: Շատ զոհեր ենք տվել, իհարկե, բայց այդ զոհերի գնով նաև դասեր ենք ստացել:

– Հակառակորդը մեզանից ութ անգամ ավելի զոհ է տվել: Նվազագույնը 800-1000 կորուստ է ունեցել նա: Իսկ վիրավորների թիվն անհամեմատ շատ էր: Հակառակորդը շատ էր վստահ իր ուժերի վրա, կարծում էր՝ կմտնի, կմորթի և կանցնի առաջ: Բայց մեր երեխեքը մինչև վերջ կանգնել և պաշտպանել են իրենց դիրքերը, մենք գիտեինք, որ մեր զինվորներն այդպիսին են: Միշտ էլ ասել ենք, որ այս սերունդը մեզանից շատ է անելու: Այն, ինչ մենք 1992-94թթ. արել ենք, իրենք ապացուցեցին, որ կարող են իրենց սխրանքներով ու կատարածով մեզ գերազանցել, մեզնից ավելին անել…

– Իսկ ինչո՞վ եք դա բացատրում:

– Իրենց ծնողներից է գալիս, մեր երեխեքն են, չէ… Ոչ թե պապերից, այլ իրենց ծնողներից են լսել մեր երեկվա պատերազմի մասին: 1994-ից ընդամենը 22 տարի է անցել, իսկ այսօր առաջնագծում արդեն մեր երեխեքն են ծառայում: Նրանք ոչ թե ինչ-որ գիրք են կարդացել և դրանից իմացել մեր պատերազմի պատմությունը, այլ իրենց ծնողներից: Այդ տղաների մեջ իր ժողովրդին պաշտպանելու զգացումը կա, և դրանով ամեն ինչ ասված է:

Այս պատերազմը նաև մեր թերությունները բացեց, տեսանք, թե ինչպիսի բացթողումներ ունենք, և հիմա դրանք պետք է արագ վերացնենք: Կարելի է ասել, որ այդ չորս օրը մեզ համար լուրջ փորձաշրջան էր: Ճիշտ է՝ մեծ թվով զոհեր ենք տվել, բայց փրկել ենք բազում կյանքեր, ազգի կյանքն ենք փրկել: Այսօր պարտավոր ենք արագ ու նպատակասլաց աշխատել բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ: Պետք է արագ վերացնենք, որ հակառակորդն այլևս չփորձի մտածել, թե կարող է ուժով իր հարցերը լուծել: Այսինքն՝ նա պետք է միշտ զգա, որ մենք ուժեղ ենք, որ մենք էս հողի տերն ենք, էս հողը մենք պահել ու պահելու ենք: Նա միշտ պիտի դա զգա: Ուժ պիտի ցույց տանք և նրանք կհասկանան: Հակառակորդը չի սպասել, որ մեր տղերքը կարող են այդպես դիմադրել: Նրանք հիմա խոսում են, որ մեր դիրքերում կանգնած են եղել հատուկ ջոկատայիններ: Մինչդեռ այնտեղ մեր ժամկետային զինծառայողներն են եղել… Մեր Աբաջյանն է եղել, որ վերջին պահին հերոսաբար ինքն իրեն պայթեցնելով՝ իր հետ տարել է հակառակորդի մի քանի զինվոր: Սա փաստ է, և նման փաստեր էլի կան: Սա մեր 18-20 տարեկանների հաղթանակն էր հակառակորդի հատուկ ջոկատայինների նկատմամբ:

– Իսկ այդ թերությունները վերացնելու համար ինչ-որ բան արվո՞ւմ է հիմա:

– Այո: Նշված բոլոր թերությունները գտնվում են նախագահի և բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում, և դրանց վերացման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Միևնույն ժամանակ կուզեի նշել, որ այդ ամենով հանդերձ՝ դա ոչ միայն պաշտպանության բանակի խնդիրն է, այլ մեր պետության, մեր ազգի խնդիրն է…

– Մեկ-մեկ այն տպավորությունն եմ ստանում, որ կարծես թիկունքում չեն ընկալում իրավիճակի լրջությունը:

– Ինձ էլ, գիտե՞ք, ինչ է թվում, որ ոմանք մտածում են, թե կախարդական փայտիկի օգնությամբ պիտի հակառակորդին կանգնեցնենք: Ոմանց հանգստությունից այն տպավորությունն ունեմ, որ նրանք կարծում են, թե ուր որ է՝ էդ կախարդական փայտիկը կոտրելու ենք, և կռիվը կանգնելու է, որ փայտիկը կոտրելու ենք, և հակառակորդը ետ է քաշվելու: Ճիշտ է՝ ժողովուրդն այդպես չի մտածում, և դա ցույց է տվել այս օրերին ցուցաբերած անձնազոհ կեցվածքով, բայց ոմանք այդպես են մտածում: Ցավալի է, որ նման մտածողների շարքում կան նաև այնպիսիք, որոնց վրա որոշակի պատասխանատվություն կա դրված, այդ թվում՝ նաև զինվորականներ: Պատահական չէ, որ վերջերս հենց դրա համար էլ մի քանիսը պատժվեցին և համոզված եմ, որ նմանների հանդեպ այդ վերաբերմունքը լինելու է շարունակական:

– Ո՞րն է, ըստ Ձեզ, հակառակորդին զսպելու ամենաարդյունավետ ձևը:

– Հակառակորդին միշտ պետք է ուժ ցույց տանք, եթե նա հետևակի մարտական մեքենա է հանում, մենք պետք է տանկ հանենք, եթե նա հրանոթով է խփում, մենք «Գրադով» պիտի խփենք… Նախաձեռնությունը մենք միշտ պետք է մեր ձեռքերում պահենք…

– Մեր սպառազինությունը, կարծես թե, քիչ է հակառակորդից, այո՞:

– Իրականում շնորհիվ իր հնարավորությունների՝ հակառակորդն ունի ավելի շատ սպառազինություն, քան մենք: Սակայն, մարտի ելքը որոշողը միայն սպառազինությունը չէ… Ապացույցը ոչ միայն ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքն է, այլ նաև ապրիլին տեղի ունեցած առճակատումը, որի ընթացքն ընդհատվեց ադրբեջանական կողմի խնդրանքով: Շարունակվելու դեպքում մեկ անգամ ևս կհամոզվեինք, որ պատերազմի հաջող ելքը որոշում է լավ զինվորը… Իսկ մենք այդ առումով խնդիր չունենք:

– Եթե համեմատելու լինենք, իրենց առավելությունը ո՞րն է, և մե՞րը որն է: Փորձենք համեմատել:

-Իրենց մոտ առավելությունը զենքի տեսակներն են եղել: Բայց, ինչպես ասացի, ունենալ զենքի տեսակներ, դեռևս չի նշանակում հաջողություն ունենալ: Ինչ վերաբերում է այս առճակատման ընթացքում ունեցած մեր առավելություններին, ապա, ըստ իս, դրանք երեքն էին` հայ զինվորը, լավ հրետանին և բանակի հրամանատարի ճիշտ ու ժամանակին կայացրած որոշումները:

– Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ապրիլյան պատերազմում հայ զինվորին բնութագրող գլխավոր հատկանիշը:

– Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել:

– Բայց մենք չենք կարողացել ժամանակին այդ տղաների մասին հոգալ, գնահատել, ինչ-որ բան տալ: Երբ նրանց մասին նյութ ենք պատրաստում, պարզվում է՝ նրանց մեծ մասը աղքատ են, անտուն, ծնողները աշխատանք չունեն:

– Ղարաբաղում պատերազմում զոհվածները, վիրավորների ընտանիքները պետության ուշադրության կենտրոնում են, բնակարանով հիմնականում ապահովված են: Չեմ ասում՝ ինչեր ենք արել, բայց նվազագույնն ապահովված է:

– Երկու կողմի սխալների մասին խոսենք:

– Իրենց սխալն այն է, որ մտածել են, որ իրենք ուժեղ են և կարող են մեզ ջարդել: Իրենց առաջին սխալը դա է եղել: Իրենք իրենց զենքերին նայելով, իրենց գումարներին նայելով՝ ասել են միանգամից, կարճ ժամանակում կարող ենք մեր հարցերը լուծել: Մեր սխալները մենք գիտենք և դրանք վերացնելու ենք:

-Իսկ իրենց զինատեսակներից ամենաշատ վնասը ի՞նչն է տվել, անօդաչունե՞րը (կամիկաձեները):

– Դրանք իրենք հիմնականում օգտագործել են ամսի 4-ին, երբ տեսել են, որ իրենց վիճակը լրջանում է: Սկսել են «կամիկաձե», «Սփայք» հրթիռներ օգտագործել, որոնք 2-ին, 3-ին չէին օգտագործել: Տեսել են, որ իրավիճակը փոխվում է, արդեն սկսել են դրանք օգտագործել: Առաջին անգամ պատերազմում կամիկաձե են օգտագործել, 20 հատ անօդաչու ենք խփել, 14-ը մեր ձեռքում է դրանցից, 6-ը չեզոք գոտում է ընկած:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ հակառակորդը կսկս՞ի ռազմական գործողություններ:

– Ներկա դրությամբ չեմ կարծում: Հրադադարն իրենց ձեռնտու է: 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ:

17 մայիսի, 2016

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս