
ԱՄՆ-ն կասկածանքով է վերաբերվում Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու համաձայնությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգները կասկածանքով է վերաբերվում Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Աստանայում կայացած կոնֆերանսի ընթացքում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ստյուարտ Ջոնսը:
«Ես՝ որպես Միացյալ Նահանգների դիտորդ, մասնակցել եմ Աստանայի կոնֆերանսին: Այդ հանդիպմանը, որն անցկացնում էին Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը՝ որպես Աստանայի գործընթացի իրականացման երաշխավորներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու վերաբերյալ, ինչը կնվազեցնի բռնությունը և կյանքեր կփրկի: Սակայն նախորդ համաձայնությունների ձախողման համատեքստում մենք այս համաձայնությանը կասկածանքով վերաբերվելու պատճառներ ունենք»,- ասել է Ջոնսը:
Ջոնսը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիր խմբավորումների վրա հարձակումները, իսկ Ռուսաստանը պետք է ապահովի Բաշար Ասադի իշխանության ստանձնած պարտավորությունների կատարումը: