
«Ավագանու քվեարկությունը ցույց տվեց, որ վարչապետի գործոնը բնավ դերակատարություն չունի». քաղտեխնոլոգ

«Տեղի ունեցան ոչ թե Երևանի ավագանու ընտրություններ, այլ իշխող քաղաքական ուժի նշանակման քվեարկություն, ոչ ավելի։ Սա քվեարկություն էր, որի արդյունքները նախապես հայտնի էին»,- 168.am-ի հետ զրույցում երեկվա ընտրություններին այսպիսի գնահատական տվեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ըստ նրա՝ այս ընտրություններից հետո միակ հետաքրքիր թեման այն է, թե 2018թ. ով է լինելու ՀՀ վարչապետը. «Դրանից բացի, որևէ շարժ չի ակնկալվում, և մեծ է հավանականությունը, որ սկսվի երկարատև լճացման ժամանակաշրջան։ Բայց հիմնական խնդիրը ոչ թե ընդդիմադիր ուժերի մեջ է, չնայած՝ նրանք էլ բազմաթիվ սխալներ ունեին և նպաստել են այս գործընթացին, այլ հասարակության մեջ է։ Հասարակության պոտենցիալի անկումը հանգեցնում է երկարատև լճացման գործընթացի»։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետի «նշանակման» քվեարկությունը ցույց տվեց, որ վարչապետի գործոնը բնավ դերակատարություն չունի. «Եթե մինչև այս ընտրությունները նշում էին, որ վարչապետի դեմքով է ՀՀԿ-ն գնում ընտրությունների, և ստացած ձայները փորձում էին ներկայացնել՝ որպես վարչապետի բարձր հեղինակության արդյունքում ստացած ձայներ, ապա երեկ վարչապետի դեմքով չէր գնում քվեարկության գործընթացը, և ՀՀԿ-ն ստացավ 71% ձայն»։
Այս ամենը, ըստ քաղտեխնոլոգի՝ հօգուտ Սերժ Սարգսյանի է. «Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ կամ Անվտանգության խորհրդի քարտուղար, որը շատ մեծ լիազորություններ կունենա։ Գործող նախագահը կատարում է քայլեր՝ իր ծրագրին հասնելու համար»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: