
Պենտագոնը Սիրիայի քրդերի համար նախատեսված զենքը դեռևս չի փոխանցել

Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը հայտնել է, որ ԱՄՆը Սիրիայի քրդերի համար նախատեսված զենքն արդեն տեղափոխել է Սիրիա, սակայն այն դեռ չի փոխանցել քրդերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե խոսքը գնում Սիրիայի քրդերի ժողովրդական ուժերին տեխնիկայի ուղիղ մատակարարման մասին, դա դեռևս տեղի չի ունեցել»,- լրագրողի հարցին պատասխանելով` նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը, հաշվի առնելով թուրքական կողմի մտահոգությունները, երաշխիքներ է ստացել Սիրիայի քրդերի ժողովրդական ուժերից, որ այդ զինամթերքն օգտագործվելու է բացառապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Սիրիայի քրդերին ԱՄՆ կողմից զենքի մատակարարման հանգամանքը մեծ դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում: Թուրքիան քայլեր էր ձեռնարկում այդ մատակարարումը դադարեցնելու ուղղությամբ նշելով, որ այդ զինամթերքից կարող են օգտվել նաև Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները, որոնք պայքարում են անկախ քրդստանի ստեղծման համար:
Թուրքիայի ԶՈՒ-ի և PKK-ի միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում, ինչի հետևանքով վերջին երկուսուկես տասնամյակում եղել են հազարավոր զոհեր: