«Քաղաքացիների հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց»­. Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ երևանցիներ,

Արագ անցան Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հագեցած օրերը:

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ եկան մեր հանդիպումներին:

Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, պատմելու մեր նոր ծրագրերի և ավելի լավ Երևանի մեր պատկերացումների մասին, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:

Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:

Մեկ անգամ ևս շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիներ:

Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:

Վստահեցնու՛մ եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:

Շնորհակալ եմ մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգտակար լինելու իրենց ցանկության համար:

Մայիսի 14­ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ: Եկե՛ ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, ապրենք Երևանում և Հանու՛ն Երևանի:

Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լա՛վ արդյունքներ, ունենալ ավելի լա՛վ քաղաքային իշխանություններ, ապրել Երևանում` ավելի՛ արժանապատիվ պայմաններում և ավելի՛ հարմարավետ կյանքով:

Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ»:

Տեսանյութեր

Լրահոս