Դատախազությունը հանձնարարել է ընտրակաշառք բաժանելու մասին լրագրողի հաղորդման վերաբերյալ նյութեր նախապատրաստել
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել 11.05.2017թ. ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի ՀԱԹ-ում գտնվող, Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու, իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել նաև Հայկ Սարգսյանը՝ նույն նախընտրական շտաբի մոտ Վարդան Վարդանյանի կողմից իրեն հարված հասցնելու և մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: Նույն հանգամանքների վերաբերյալ հաղորդում է տվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին հանձնարարվել է նշված հաղորդումների առիթով քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու նպատակով իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ դատավարական գործողություններ:
Միաժամանակ, 12.05.2017թ. ժամը 14.32 րոպեին «armtimes.com» լրատվական կայքում հրապարակված «Մարգարյանի շտաբում «ՀԺ»-ի լրագրողը բռնության է ենթարկվել» հոդվածում, Կոմիտաս 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, ինչպես նաև վերջինիս կողմից մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերի վերաբերյալ հանգամանքները ստուգելու նպատակով ևս ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր: