
ՀՀ և Նոր Զելանդիայի ԱԳ նախարարները հարաբերությունների հաստատման 25 ամյակի առթիվ ուղերձներ են փոխանակ

Հայաստանի և Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարները ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Նոր Զելանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանը Ջերարդ Էնթոնի Բրաունլիին ուղղված իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների հաստատման ամենասկզբից երկու երկրներին հաջողվել է հաստատել անկեղծ գործընկերություն՝ հիմնված վստահության և հարգանքի վրա՝ հավելելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Նոր Զելանդիայի հետ փոխշահավետ հարաբերությունների շարունականան զարգացմանը:
Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ փաստում է երկու երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորացող գործընկերությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի դիրքորոշումները միջազգային կարևորություն ունեցող շատ հարցերում բավական մոտ են իրար։
Նախարար Նալբանդյանը շեշտում է Նոր Զելանդիայում հայկական համայնքի շոշափելի ավանդը երկկողմ բարեկամական կապերի զարգացման գործում:
Նոր Զելանդիայի արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ, չնայած Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջև առկա աշխարհագրական հեռավորությանը, մեր երկրները պահպանում են ջերմ փոխհարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպություններում անդամակցությունից բխող ընդհանուր հանձնառությունների վրա։
Նա դրվատանքով է խոսում Նոր Զելանդիայում ապրող հայկական համայնքի մասին, որի ներկայացուցիչներից Շան Իլայեսը հանդիսանում է Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահը։
Արտգործնախարարը ջերմությամբ է վերհիշում 2012 թվականին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում, ՀՀ արտգործնախարարի այցը Նոր Զելանդիա, որից հետո մեր երկրների միջև հարաբերությունները միայն ընդլայնվել ու ամրապնդվել են։
Նա նաև նշում է, որ Նոր Զելանդիան երախտապարտ է Հայատանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015-2016 թթ․ ընտրությունների ժամանակ աջակցության և նաև մեր տարածաշրջանի համար կարևորություն ներկայացնող հարցերում ավելի սերտ համագործակցության հնարավորության համար։