Բաժիններ՝

«Մենք կադրային ջարդ չենք իրականացնելու». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում են՝ որպես քաղաքական լուրջ գործընթաց, ինչն էլ ըստ նրա՝ գլխավոր պատճառներից մեկն է, որ մասնակցում են դրան.

«Մենք ներկայացնում ենք մի ծրագիր, որն այս 25 տարիների ընթացքում ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացրել։ Մեր ծրագիրը ներառում է այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են ողջ հայությանը։ Մենք կարող ենք հաղթահարել քաղաքական ճգնաժամը, ներկայիս մարտահրավերները, եթե օգտագործում ենք ողջ ժողովրդի ներուժը։ Մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ մեր քաղաքացիները մասնակցեն քաղաքական որոշումների ընդունմանը։ Իսկ Երևանի քաղաքապետարանն այնպիսի մարմին է, որը ներառում է թե՛ կառավարչական գործառույթներ, թե՛ վերահսկող գործառույթներ»։

Փոստանջյանի խոսքով՝ աշխարհի տարբեր կողմերից իրենց աջակցող հայտարարություններ են անում.

«Եվ հենց մեր հայրենակիցների միջոցով էլ փոխելու ենք իրավիճակը, փորձելու ենք կարգ ու կանոն հաստատել Հայաստանում և Երևանում։ Սա մեր առաջին քայլն է. մենք այս անգամ վերցնում ենք իշխանությունը Երևանում, որից հետո իշխանության հետվերադարձը ժողովրդին տեղի է ունենալու ողջ հանրապետությունով մեկ։ Մենք ժողովրդի հետ խոսելու ենք միայն իրավունքի գերակայության լեզվով և յուրաքանչյուր դրամի համար հաշվետվություն ենք ներկայացնելու մեր քաղաքացիներին։ Մենք կադրային ջարդ չենք իրականացնելու, բոլոր մասնագետներին, փորձառու աշխատակիցներին պահանջված ենք համարելու, որովհետև մենք դրսից մարդկանց չենք բերելու, ինչպես եղել է այս արատավոր ղեկավարման ժամանակաշրջանում, երբ փոխվել է ղեկավարն ու իր հետ բերել մի կազմի, որն ընդհանրապես կապ չի ունեցել ոչնչի հետ»։

Հարցին՝ երբ ասում է՝ կադրային ջարդ չեն իրականացնելու, դա նշանակում է, որ նախկինում իր իսկ հայտարարած կոռումպացված չինովնիկները շարունակելո՞ւ են աշխատել իր իշխանության օրոք, նա այսպես պատասխանեց.

«Եթե դուք մեկնաբանում եք բռնազավթված իշխանության տեսակետից, ես հիմա կբացատրեմ. այն ներքին օղակում նստած, հավաքարարի դերում հանդես եկող մեր քաղաքացին, որը գտնվում է ծառայության մեջ և ստանում հանրային գումարներից աշխատավարձ, դա չէ այդ կոռումպացված չինովնիկը։ Հիմնական կոռումպացված չինովնիկը գտնվում է Բաղրամյան 26-ում, և իրենից է բխում մնացած կոռումպացված չինովնիկների արատավոր վարքագիծը։ Այսինքն՝ վերևում է այդ կոռումպացված չինովնիկը նստած»։

Նրա դիտարկմամբ՝ կոռուպցիան եթե վերևից չգար, ապա հասարակական տրանսպորտն այսպիսի «խայտառակ վիճակում չէր լինի».

«Եթե 10 ուղևորի համար նախատեսված միկրոավտոբուսը փոխադրում է 30 մարդ, Ոստիկանությունն աչքը փակում է դրա վրա, ապա սա խոսում է այն մասին, որ վերևում է կոռուպցիան։ Ոչ թե կոռուպցիոներն այդ խեղճ վարորդն է, կամ այն մարդը, որ գումարները հավաքում ու փոխանցում է վերևներ, այլ հենց վերևներում է կոռուպցիան։ Մենք պետք է ազատենք հանրային ծառայության մեջ գտնվող մեր քաղաքացիներին թե՛ այդ հոգեբանական բռնություններից, թե՛ ստիպողաբար օրենքը խախտելուց, նրանք պետք է ստանան հարիր աշխատավարձ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս